Դանակահարություն՝ Երևանում․ 46–ամյա տղամարդը հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: