Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան

Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Նաիրիի համայնքապետարանում նախաձեռնել են բնակիչների և համայնքի ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ ներկայացնելու քաղաքաշինության բնագավառի բարեփոխումներն ու քննարկելու նրանց հետաքրքրող ոլորտային հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, խորհրդական Հովսեփ Հովեյանը, Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը, վարչական շրջանների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է մարզային հանդիպումները՝ քաղաքաշինական գործընթացների մասին իրազեկելու և գործնականում հանդիպող խնդիրները վերհանելու նպատակով։

«Կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով։ Մեկնարկել ենք քաղաքաշինական ընթացակարգերի կանոնակարգման, պարզեցման և հստակեցման համալիր բարեփոխումներ, որոնք կնպաստեն քաղաքաշինական 

գործունեության իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- ընդգծել է Եղիազար Վարդանյանը և տեղեկացրել, որ urban-permits.e-gov.am հարթակով իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացից հետո թվային հարթակ են տեղափոխվելու նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխության և համալիր փորձաքննության գործընթացները։

Հանդիպման ընթացքում ցուցադրվել են քաղաքաշինական կադաստրի հնարավորությունները, որի մշակումն ակտիվ փուլում է։ Այն հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ տարածքի քաղաքաշինական սահմանափակումների և կառուցապատման չափորոշիչների մասին։

Կոմիտեի նախագահը հանդիպման մասնակիցներին իրազեկել է, որ անհատական բնակելի տների կառուցման դեպքում ներդրվել է պարզեցված ընթացակարգ, պարզեցվել են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններին առնչվող կարգավորումները և սահմանվել նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության սեղմ ժամկետներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխանել է քաղաքացիների և համայնքի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնց մի մասի կարգավորման ուղղությամբ կոմիտեն արդեն քայլեր է ձեռնարկել։

Leave a comment