Ունեցանք ծանրամարտի աննախադեպ առաջնություն. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ներքին առաջնությունը կարևոր նախապատրաստական փուլ է համարում ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերից առաջ:

«Կարևոր է, որ այս առաջնությունն ավարտեցինք առանց վնասվածքների: Ունեցանք Հայաստանի աննախադեպ առաջնություն: Այս արդյունքները նորմալ են, քանի որ դեռևս տարվա սկիզբն է, ու միայն երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Հակոբ Փիլոսյանը։

Ըստ մասնագետի՝ Հայաստանի առաջնության մասնակից երիտասարդ մարզիկները խոստումնալից են, իսկ նրանց գրանցած քաշերը գոհացնող են:

«Հայաստանի այս առաջնությունը կազմակերպչական առումով նման էր Եվրոպայի առաջնությանը: Հուզմունքը կար տղաների մոտ, ու նմանատիպ մրցաշարեր շատ են պետք, որ պատրաստ լինենք 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- ասել է մասնագետը:

Leave a comment