Վիրահատությունից հետո Միքայել Սրբազանը դուրս է գրվում հիվանդանոցից. Մանրամասներ

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի։ Այս մասին Aysor.am-ին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Սրբազանը կալանքը կշարունակի կրել տանը՝ Գյումրիում։

Հարցին, թե կկարողանա՞ արդյոք Սրբազանը մասնակցել պատարագների, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց, թե այդ մասին կարգավորում չկա դատարանի որոշման մեջ։

«Մենք պատրաստվում ենք այդ հարցին հետամուտ լինել։ Դատական նիստի ժամանակ այդ հարցի վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանն այդ միջնորդության քննությունը հետաձգել է այն պատճառաբանությամբ, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։ Հուսով եմ, հաջորդ դատական նիստին արդեն այդ հարցի պատասախանը կունենանք»։

Հաջորդ դատական նիստի օրը դեռ որոշված չէ։

«Դատարանն սպասում է, որ Սրբազանը մի փոքր կազդուրվի, դրա մասին բժշկական հաստատությունից տեղեկատվություն կստանան, նոր միայն կնշանակեն նիստի օրը»,-ասաց Մարինե Ֆարմանյանը։

Սրբազան Հորն արգելվել է այլ անձանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։

Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայող ու վարչատնտեսական մասի մեկ աշխատակից։

Leave a comment