ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդունել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Առաքելության հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ մեկնարկել նախնական երկխոսություն՝ ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի կողմից քաղաքականության վրա հիմնված նոր վարկային միջոցների տրամադրման շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքին, առաջնահերթ ուղղություններին և հնարավոր բաղադրիչներին։ Քննարկվել են նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող և նախատեսվող այն կառուցվածքային բարեփոխումները, որոնք միտված են տնտեսական աճի խթանմանը, պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակի և հետագա քայլերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել բարեփոխումների համակարգված իրականացումը և ծրագրի արդյունավետ նախապատրաստումը։
—00—ԼԱ