ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր անդրադարձել է ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի իրավունքի օտարման գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ ԱՌԿԱ/․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի իրավունքի օտարման գործընթացին՝ նշելով, որ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում այն կշարունակվի հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով։
Մեսրոպյանը տեղեկացրել է, որ այս փուլում բաշխման լիցենզիան դադարեցվել է, և հաջորդ փուլով եռամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի։
«Դրա շրջանակում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին, և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը», -նշել է ՀԾԿՀ նախագահը։
Նա հայտնել է, որ 3 ամիսը դեռ չի ավարտվել և առաջիկա օրերին կառավարության պատկան մարմինները մամուլով կիրազեկեն այդ մասին՝ ընդգծելով, որ այդտեղ գաղտնի որևէ գործընթաց չկա։
«ՀԷՑ»-ին լիցենզիայից զրկելու մասին
Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի քվեարկությունը նշանակված էր նոյեմբերի 13–ին։
Նախագծում նշվում էր, որ ընկերությունը «չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել» «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀԾԿՀ–ի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը, ինչը վտանգում է և կարող է վտանգել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը և կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։
Նշվում էր, որ հանձնաժողովը 2025թ․–ի հուլիսի 18–ից, ՀԾԿՀ նախագահի որոշմամբ, ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։