Ի դեպ․ Ադրբեջանի ղեկավարը մեզանից լավ է ճանաչում մեզ, մեզանից լավ է հասկանում պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի դերն ու հզորությունը

Ալիեւի համար Փաշինյանի ունեցած կարեւոր նշանակության մասին Տաթևիկ Հայրապետյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Հանրային Հեռուստաընկերության կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անվանումը չհնչեցնելը ինձ որևէ կերպ չի զարմացնում, դա տրամաբանական է այն իշխանության պարագայում, ով պարտավորվել է առաջնորդվել Ալիևի կամքով։ Առհասարակ, երբ Նիկոլ Փաշինյանին ընկալում ես որպես «Ալիևի մարդ» Հայաստանում, ամեն ինչ իր տրամաբանության մեջ է ընկնում։ Միևնույն ժամանակ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Ալիևը համառորեն պայքարում մեր ինքնության, պատմության, մշակույթի, անգամ «Արցախ» անվան դեմ։ Մեկը կասի՝ դե Արցախը զավթել ես, այնտեղ հայ չկա, բոլորը քեզ ծափ են տալիս, քո պատերազմական հանցանքների և ցեղասպան գործողությունների հետ կապված ՀՀ իշխանությունները խնդիր չունեն, էլ ինչո՞ւ ես կռիվ տալիս մեզ հետ գաղափարական ու հոգեբանական դաշտում՝ դրա համար կիրառելով Փաշինյանին։

Պատասխանը պարզ է, Ադրբեջանի ղեկավարը մեզանից լավ է ճանաչում մեզ, մեզանից լավ է հասկանում պատմության, մշակույթի, կրոնի, լեզվի, արվեստի և մեր ինքնության գաղափարական հենասյուների դերն ու հզորությունը։ Դրա համար էլ չի հանգստանում, պայքարում է ամեն անվան, հիշատակման դեմ, պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, պայքարում է հայոց պետության հիմնադիր փաստաթղթերի դեմ, պայքարում է մեր ուղեղի համար, մեր ուղեղում ուզում է լինի այն բովանդակությունը, որն իրեն հարմար է։ Դա կոչվում է գաղափարական պատերազմ։ Այդ պատերազմը չի կարող իրագործվել առանց Նիկոլ Փաշինյանի օգնության, դրա համար էլ առաջիկայում Ալիևը պահելու, պաշտպանելու է այն մարդուն, ով օգնում է պայքարել հայկական ինքնության, արմատի և գաղափարի դեմ։ Դա է երկարաժամկետ կտրվածքով մեզ հաղթելու ձևը, իսկ այդ պայքարի կանխողը բացառապես մենք ենք՝ հայ ժողովուրդը և հայ հանրությունը, մեր փոխարեն ոչ ոք չի պայքարելու մեր հայ լինելու, մեր՝ հզոր պետություն ունենալու և մեր՝ գործոն լինելու համար․․․

Հ․Գ․ Շնորհակալ եմ մեր գեղասահորդներին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո սիրուն պար բեմադրելու համար, այդ ստեղծագործության մեջ իրոք սիրտ ու ոգի կա․․․

Leave a comment