Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցող Ռուսաստանի պատվիրակության կազմը կընդլայնվի։ Այդ մասին երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ քննարկվող թեմաների շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիի նախորդ փուլերի ընթացքում:
Պեսկովը պարզաբանել է, որ պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Պեսկովի խոսքով՝ Մեդինսկին Աբու Դաբիում ներկա չի եղել, «քանի որ այնտեղ քննարկվել են անվտանգության, ռազմական ոլորտին անմիջականորեն վերաբերող հարցեր, հետևաբար, խումբը բաղկացած էր զինվորականներից, այն ղեկավարում էր Կոստյուկովը»։
«Այս անգամ մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, ներառյալ գլխավոր հարցերը, որոնք վերաբերում են տարածքներին և մեր ներկայացրած պահանջներին: Այստեղ արդեն անհրաժեշտ է գլխավոր բանակցողի, այսինքն՝ Մեդինսկու ներկայությունը»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է փետրվարի 17-18-ը՝ Ժնևում։