Արտաքին ճնշման ներքո իշխանությունը ցուգցվանգի մեջ է Սահմանադրության հարցում․ Միքայելյան

https://arm.sputniknews.ru/20261129/artaqin-tshnshman-nerqvo-ishkhanutjuny-cugcvangi-mej-e-sahmanadrutjan-harcum-miqajeljan–109888564.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106711592_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1bb2968731b2432ca5f5b2a75fe69632.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, հայաստան, հանրաքվե, արևմուտք, նիկոլ փաշինյան, իշխանություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)

սահմանադրություն, հայաստան, հանրաքվե, արևմուտք, նիկոլ փաշինյան, իշխանություն, ընդդիմություն, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Ներքին և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետը կարծում է, որ Հայաստանը «լավ ընտրություն» չունի, և նրա համար օպտիմալ տարբերակը Սահմանադրության այս նախագծի հանրաքվեից հրաժարվելն է։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայտնվելով արտաքին ուժերի ճնշման ներքո՝ Հայաստանի իշխանությունները յուրօրինակ ցուգցվանգի մեջ են հայտնվել սահմանադրական հանրաքվեի հարցում և հիմա ստիպված են «առաջ մղել» նոր Սահմանադրության նախագիծը, թեև գիտակցում են այն ռիսկերը, որոնք թաքնված են այդ գործընթացում՝ ներառյալ համաժողովրդական քվեարկության արդյունքում հնարավոր պարտությունը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Բաց տեքստով» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։

«Արտաքին ուժերը Հայաստանին դրեցին ցուգցվանգի մեջ՝ թույլ չտալով գործել իր համար ցանկալի ձևաչափով։ Իշխանությունները, գտնվելով ճնշման ներքո, կորցրել են հետագա քայլերի նպատակահարմարությունը կշռադատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, ուստի ստիպված են գործընթացն անցկացնել ուժով։ Բայց ռիսկերը հսկայական են (և դա դեռ մեղմ է ասված) և՛ իշխանությունների, և՛ երկրի, և՛ հայ ժողովրդի համար։ Միակ խելամիտ տարբերակը Հայաստանի, ինչպես նաև ներկայիս իշխանությունների համար ընդհանրապես այդ ճանապարհով չգնալն է»,– կարծում է փորձագետը։

Ի՞նչ լծակներ կտա նոր Սահմանադրությունը ՀՀ իշխանությանը. վերլուծում է Մարկեդոնովը

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի դրույթներին՝ Միքայելյանը նկատեց, որ ամենավտանգավոր կետերից մեկը դատական մարմիններն իշխանության քաղաքական կցորդի վերածելն է։ Նա հիշեցրեց, որ ըստ նախագծի՝ դատավորները ժամանակավոր պաշտոնակատար կհամարվեն 5 տարի, մինչև կառավարության ստեղծած հանձնաժողովը կուսումնասիրի նրանց գործունեությունը, կանցկացնի ատեստավորում, կստուգի գույքի ծագումը և նոր միայն կորոշի, թե նրանցից ով կշարունակի պաշտոնավարել, ով՝ ոչ։

«Ակնհայտ է, որ դատական իշխանությունը դրանով ոչնչանում է, այսինքն՝ այն ոչ թե թուլանում է կամ վերահսկողության տակ է վերցվում, այլ հենց ոչնչանում է, որովհետև դատական իշխանությունը դադարում է իշխանություն լինելուց։ Պարզ է, որ Հայաստանում իշխանությունների տարանջատման խնդիր կա, բայց տվյալ դեպքում այն կդառնա իշխող ուժի քաղաքական կցորդը»,– նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ըստ քաղաքագետի՝ երկրորդ ամենավտանգավոր կետն այն է, որ Հայաստանում ներկայում օրենքով և Սահմանադրությամբ արգելված է մարդկանց քաղաքացիությունից զրկելը, իսկ նոր նախագիծը թույլ է տալիս դա անել հենց դատարանի որոշմամբ, որը կանցնի իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Միաժամանակ Միքայելյանը մատնանշեց այն հանգամանքը, որ նախագիծը սահմանում է քաղաքացիությունից զրկում քաղաքական մեղադրանքների հիմքով, որոնցից է, օրինակ, «սահմանադրական կարգը տապալելու փորձը»։ Նույն այդ հոդվածով մեղադրվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներ, ՀՀ նախկին նախագահներ, ընդդիմադիր առաջնորդներ։

Միքայելյանը փաստեց՝ ստացվում է, որ ընդդիմադիր գործչի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, և նա դրա հետևանքով կարող է զրկվել քաղաքացիությունից, ինչը կհանգեցնի քաղաքական կամ քրեական հետևանքների, ունեզրկման և այլն։

Սահմանադրության այս տեքստը կարծես հանցագործի օրագիր լինի․ Հովհաննես Խուդոյան

Բացի այդ, մասնագետը նշեց բազմաթիվ այլ, համեմատաբար փոքր խնդիրներ. օրինակ՝ ժառանգման իրավունքն ու համալսարանների ինքնավարությունն այլևս երաշխավորված չեն։ Ավելին՝ մեղադրյալը զրկվում է իր գործի բոլոր նյութերին հասանելիություն պահանջելու հնարավորությունից. ավելի ճիշտ՝ կարող է պահանջել, բայց նրան կարող են մերժել։

Նա նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբության վրա. ըստ գործող Սահմանադրության՝ պետական պաշտոնյաները պարտավոր են գործել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում։ Նոր նախագծով սահմանվում է, որ նրանք «կարող են» գործել՝ տեքստից հանված է «բացառապես» բառը։ Այսպիսով՝ իմաստը պարզապես չի փոխվում, այլ ըստ էության շրջվում է գլխիվայր։ Միքայելյանի խոսքով՝ սա նշանակում է, որ թեև պաշտոնյաները «կարող են» գործել Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան, բայցև նաև «կարող են» չանել դա կամ առաջնորդվել բոլորովին այլ տրամաբանությամբ։

«Ընդհանուր առմամբ, Սահմանադրության նպատակն այն է, որ պետությունը կամ իշխանության մարմինները սահմանափակեն սեփական լիազորություններն ու հարկադրանքի կիրառման հնարավորությունները՝ միաժամանակ քաղաքացիներին տրամադրելով որոշակի իրավունքներ ու հնարավորություններ (երաշխավորելով դրանց պահպանումը), որպեսզի շարքային քաղաքացիները չտուժեն պետության՝ իրենցից ավելի կազմակերպված, ավելի ծավալուն ու հզոր լինելուց։ Բայց իշխանությունների առաջ քաշած նոր Սահմանադրության շրջանակում հակակշիռների ու զսպումների բոլոր նման մեխանիզմները ոչնչանում են»,– ասաց նա։

Բացի այդ, նոր Սահմանադրության նախագծով վերացվում է խորհրդարանում սահմանադրական մեծամասնության պահանջը (գործող կարգավորումներով այն կազմում է պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ը)։ Հետևաբար, շատ դեպքերում որոշումները կընդունվեն պարզ մեծամասնությամբ։

Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները դրանով փորձում են որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել, սակայն հասկանում են, որ համընդհանուր աջակցություն չեն ստանա կամ ավելին՝ կբախվեն հասարակության ու քաղաքական ուժերի հակազդեցությանը։ Դա թույլ չտալու համար, Միքայելյանի կարծիքով, նրանք ընդունում են նման ավտորիտար փաստաթուղթ։ Նա նաև հավելեց, որ իշխանությունները ցանկանում են ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու դեպքում յուրատեսակ երաշխիքներ ստանալ։ Եվ այստեղ խոսքն այն տրամաբանության մասին է, որը հակասում է պետականության և իրավունքի ողջ համակարգին, քանի որ թելադրված է բացառապես քաղաքական շահերով։

Միքայելյանը «ոչ միանշանակ» է անվանում նախագծի անցումային դրույթները (վերջին՝ 12-րդ գլուխը), որոնք անհամաչափություն են նախատեսում վերազգային կառույցներ երկրի մուտքի և դրանցից դուրս գալու միջև։ Եթե, ասենք, ԵՄ-ին անդամակցությունը հանրաքվե է պահանջում, ապա այն կազմակերպությունից դուրս գալը, որին Հայաստանն անդամակցել է մինչև հանրաքվեի մասին նորմեր պարունակող 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, պատգամավորների պարզ մեծամասնությամբ կարելի է ձևակերպել որպես միջազգային պայմանագրի չեղարկում։ Սա առիթ է տալիս այդ դրույթները մեկնաբանել ԵԱՏՄ-ից դուրս գալու համատեքստում, քանի որ Հայաստանը միության լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարին, իսկ Սահմանադրությունն ընդունվեց նույն տարվա դեկտեմբերին։

«ԵԱՏՄ-ի հետ կապված իրավիճակը բոլորովին էլ միանշանակ չէ և մեկնաբանության կարիք ունի։ Կարծում եմ, որ այդ նորմը կիրառելի չէ ԵԱՏՄ-ի նկատմամբ, բայց կարող է կիրառվել, օրինակ, ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին և այլ կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցում»,– մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Փաշինյանի համար դժվար կլինի առաջ մղել Սահմանադրությունը․ քաղտեխնոլոգը բացատրում է` ինչու

Անդրադառնալով իշխանությունների այն խոսույթին, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ սահմանների բացումը կախված են Հայաստանից և Սահմանադրության փոփոխությունից՝ Միքայելյանն ընդգծեց, որ դա մեծ սխալ է համարում։ Փորձագետը նկատեց, որ բնակչության և ռեսուրսների առումով թուրք-ադրբեջանական տանդեմը 30-35 անգամ գերազանցում է Հայաստանին, և համապատասխանաբար հենց նրանք են որոշում՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ։

«Ադրբեջանն ու Թուրքիան իրենք կարող են խախտել խաղաղությունը և հաստատել այն, և դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելը շատ սխալ է»,– նշեց Միքայելյանը։

Օգտվելով Երևանի վրա արտաքին ճնշումներից՝ Բաքուն ՀՀ իշխանություններին առաջադրում է իր աճող պահանջները։ Ավելին՝ հայկական դիվանագիտության տապալման ֆոնին Ադրբեջանին նույնիսկ հաջողվել է արտասահմանյան գործընկերներին ներշնչել, թե խաղաղություն չի հաստատվում այն պատճառով, որ իբր Հայաստանը դա չի ուզում։

Միքայելյանի դիտարկմամբ՝ Անկարա և Դուբլին կատարած այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ ակտիվացրեց նոր Սահմանադրության մասին խոսակցություններն ու ընդդիմության վրա հարձակումները։ Թեև այդ փաստաթուղթը դեռևս «հում» է, դրա ընդունումը փորձում են արագացնել արտերկրից. Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը «Tagesschau» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի գործող Սահմանադրությունը կամ ընդունի նորը։

Միքայելյանը վրդովված է այդ հայտարարությունից։

«Գերմանիայի արտգործնախարարն ի՞նչ իրավունք ունի Հայաստանի Սահմանադրության մասին կարծիք հայտնելու։ Ես ուզում եմ հստակ ձևակերպել հարցը. եթե նրանք միջամտում են մեր ներքին գործերին, ինչպես միջամտել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ես այստեղ խնդիր եմ տեսնում։ Եվ ընդհանրապես, ցանկալի կլիներ, որ Հայաստանի իշխանությունները Գերմանիայի դեսպանին կանչեին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն՝ ստանալու բացատրություն, թե ինչ հիմքով են Գերմանիայի պաշտոնական շրջանակները կարծիք հայտնում, թե ինչ Սահմանադրություն պետք է գործի Հայաստանում»։

Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի կառավարության վրա՝ հույս ունենալով, որ Սահմանադրությունը փոխելուց և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանից։ Սակայն պետք է հասկանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, որը կմնա այդպիսին՝ անկախ նրանից՝ կլքի տարածաշրջանը, թե ոչ։ Այնինչ, Միքայելյանի խոսքով, Հայաստանի համար Ադրբեջանի պահանջների կատարումն ու ավտորիտար Սահմանադրության ընդունումը լուրջ խնդիր են։

Ամփոփելով՝ Միքայելյանը փաստեց, որ Հայաստանը լավ ընտրություն չունի, միակ օպտիմալ տարբերակն ընդհանրապես այս նախագիծը հանրաքվեի չդնելն է, առավել ևս, որ մի շարք հարցումներով՝ «կողմ» կքվեարկի քաղաքացիների մեկ երրորդից ոչ ավելին։

Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` դրա նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերին առաջարկել էր «պարզ գործարք» կնքել: Փաշինյանի խոսքով` դրա համար ընդդիմությանը բավական է համաձայնել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը։ Հակառակ դեպքում վարչապետը սպառնացել էր «գործի գցել» արտահերթ ընտրությունների «բուլդոզեր», որի արդյունքում, իր պնդմամբ, ներկայիս երկու ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը խորհրդարան չի անցնի։

Նշենք, որ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման: Ընդ որում, սահմանադրական փոփոխություններ կամ հանրաքվե նախաձեռնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի պատգամավորների 2/3-ի աջակցությունը։ Սակայն 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը, որը ստացել է ձայների 49,81 տոկոսը, չի կարողացել ապահովել ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն։

Քըլըչը պատմական է անվանել Հայաստանի Սահմանադրության նախագծում կատարված փոփոխությունը

Leave a comment