Փետրվարի 15-ից ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը, որը հնարավոր է դարձնում գարնանային ցրտահարություններից, կարկուտից, երաշտից եւ հրդեհից ապահովագրել 10-ից ավելի մշակաբույս։
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունից հայտնել են, որ ծրագիրը կիրականացվի համատեղ ապահովագրության (համաապահովագրության) մեխանիզմով՝ 6 ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Որպես գլխավոր ապահովագրող հանդես է գալիս «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը: Համաապահովագրության այսպիսի մոդելը նմանատիպ լայնամասշտաբ ձեւով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ․ ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից՝ ծիրանի եւ հացահատիկի դեպքում՝ 40%, մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60% չափով։
2026թ․ ծրագրով գյուղապահովագրության շրջանակում ապահովագրության ենթակա են հետեւյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան եւ գարնանացան), նաեւ՝ պտղատու այգիներ, դաշտեր, հողատարածքներ։ Ապահովագրական ռիսկերն են՝ կարկուտ, գարնանային ցրտահարություն, հրդեհ եւ երաշտ։
Նշվում է, որ ապահովագրական սակագինը կախված է ապահովագրվող մշակաբույսից, գտնվելու վայրից, ապահովագրվող ռիսկերից եւ ընտրված հատուցման սահմանաչափերից։
Ծրագրի պայմաններն առավել մանրամասն՝ այստեղ:
«ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության ձեւավորման եւ մշակման հիմնական ընկերություններից մեկն է, որն ունի ոլորտի մեծ փորձառություն եւ գիտելիք ունեցող մասնագետների թիմ։ Ընկերության համար գյուղապահովագրությունը սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ռազմավարական ուղղություն է, որի նպատակն է նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, գյուղացիների պաշտպանվածության բարձրացմանն ու ոլորտի ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ եւ բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից եւ մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն եւ հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա»։