Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սպիտակ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Բարոյական արժեքներ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՔՊ տարածքային կառույցի և ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Համլետ Մազմանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխող կուսակցությունից իր հեռացման պատճառներին, վարչական լծակների ենթադրյալ կիրառմանն ու ընտրական ակնկալիքներին։

Մազմանյանի խոսքով՝ ՔՊ-ից իր հեռացման պատճառը Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ունեցած հակասություններն են եղել։

«ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, տարածքային կառույցի ղեկավարն եմ եղել, հեռացրել են կուսակցությունից։ Ամբողջ պատճառը եղել է գործող համայնքի ղեկավարի հետ հակասությունները։ Մենք համաձայն չենք եղել իր վարած քաղաքականության հետ… Բաց կառավարում գոյություն չունի, քննարկում գոյություն չի ունեցել, միանձնյա ղեկավարում, միանձնյա կառավարում, մի կաբինետից աշխատանք վարել, որը մեր կողմից ողջունելի չէ»,- ասել է Մազմանյանը։

Նա հավելել է, որ ՔՊ ղեկավարությունը տեղյակ է եղել այդ հակասություններից։ Անդրադառնալով ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաների ձևավորմանը՝ Մազմանյանը բացառել է որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։

«Քաջայր Նիկողոսյանի հետ որևէ համագործակցության եզրեր չկան… Կոալիցիա ոչ մեկի հետ չի լինելու․ անգամ «Ուժեղ Հայաստանի» հետ կոալիցիա ոչ մեկի հետ չի լինելու։ Եթե մարդիկ կուզենան մեզ հետ համագործակցել, խնդիր չկա… Այսօր արդեն խոսքը նրա մասին է, որ մենք 50 պլյուսի հավակնություններ ունենք»,- նշել է նա։

Մազմանյանն անդրադարձել է նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված աշխատակիցներին աշխատանքից ազատելու դեպքերին։

«Մի օրվա մեջ բացահայտվեց, որ բացակայություններ են ունեցել, երբ իմացան, որ «Բարոյական արժեքներ» կուսակցության նախընտրական ցուցակի մեջ են։ 10 օր առաջ թող բացահայտեին… ոնց հինգ տարի չեն տեսել՝ ով է աշխատանքի գալիս, չի գալիս, հինգ տարի հետո ընտրությունների քարոզարշավից երկու օր առաջ հանկարծ հայտնաբերեցին»,- ասել է նա։

Համայնքապետի թեկնածուն նաև պնդել է, որ ընտրությունների ընթացքում վարչական լծակներ են կիրառվում, մասնավորապես՝ ընտրողների տեղափոխում է կազմակերպվում։

Մազմանյանը խոսել է նաև ԱԺ պատգամավորներին վստահված անձ նշանակելու մասին՝ նշելով, որ թեև դա օրենքի խախտում չէ, սակայն, իր գնահատմամբ, այդ կերպ փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել։

«Սպիտակի հասարակությունը կոնկրետ ուզում է ինքը որոշիչ ուժ լինել, թե ով է ղեկավարելու Սպիտակ խոշորացված համայնքը, այլ ոչ թե, չգիտեմ, դրսից եկած բարձր պետական պաշտոնյաները… Ո՞վ է սուտ խոսում՝ կերևա մի քանի ժամից»,- եզրափակել է Մազմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment