«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտարկված 263 ընտրատեղամասերից 56-ում արձանագրել է ընդհանուր առմամբ 78 խախտում։ Առավել շատ խախտումներ են արձանագրվել Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա փոխանցմամբ՝ դիտորդական առաքելությունը երկու առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Դրանցից մեկը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը։
«Աշտարակի 176 տեղամասում հայրը քվեարկել է որդու անձնագրով, ապա հեռացել․ տեղամաս է մոտեցել որդին իր անձնագրով, տեխնիկական սարքում վառվել է կարմիր լույս»,- նշել է Սաքունցը։
Նրա խոսքով՝ Աշտարակի մեկ այլ՝ 175 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ իրենց քվեարկությունը տեսանելի լինի։
Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև ընտրատեղամասերի մատչելիության խնդիրներ։ Դիտարկված տեղամասերի 43%-ում արձանագրվել են տեղամասային կենտրոնների մուտքի խոչընդոտներ, իսկ շինությունների 44%-ը գնահատվել է անմատչելի։ Տեղամասերի 16%-ում քվեարկության սենյակը գտնվել է երկրորդ հարկում, իսկ մեկ տեղամասում՝ նկուղում։
Սաքունցն անդրադարձել է նաև վստահված անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքերին և ոստիկանության աշխատանքին։
«Որոշ վստահված անձինք չեն պատկերացնում, որ իրենց խնդիրը վերահսկողությունն է, այլ վերցնում են ընտրողներին տեղամաս բերելու, ուղղորդելու գործառույթ: Այստեղ տեսանք ոստիկանության որոշակի ծույլ պահվածքը կամ զսպվածությունը»,- ասել է նա։
Սաքունցի փոխանցմամբ՝ դիտորդների բարձրաձայնած խնդիրների շուրջ 80%-ն ընտրական հանձնաժողովների կողմից տեղում շտկվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։