Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է «Ֆրանսիա–Հայաստան–Սփյուռք․ հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով առաջին համաժողովին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է «Ֆրանսիա–Հայաստան–Սփյուռք․ հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով առաջին համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային խորհրդի (CNAF) կազմակերպած՝ «Ֆրանսիա–Հայաստան–Սփյուռք․ հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատում։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Համաժողովի առաջին կլոր սեղանը նվիրված էր «Հայաստան․ խաղաղության հեռանկար, ինքնիշխանության գինը» թեմային, իսկ երկրորդ քննարկման առանցքում Հայաստան–Ֆրանսիա–Սփյուռք եռակողմ համագործակցության շրջանակում համատեղ նախաձեռնությունների և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորություններն էին։

Համաժողովին եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները, տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկրի ինքնիշխանության ամրապնդման առաջնահերթությունները։

Խոսել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական մեկնարկի մասին` ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության զարգացման գործում դրա կարևորությունը։

Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության խորացմանը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, անվտանգության, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի եվրոպական ձգտումները և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված գործընթացը։

Անդրադառնալով Սփյուռքի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է Ֆրանսիայի հայկական համայնքի և կազմակերպությունների կարևոր ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի շահերի ու առաջնահերթությունների միջազգային ներկայացման գործում։

Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Leave a comment