««Ուդալիտ» արա իմ մասը, չնկարե՛ս». ՔՊ վստահված անձը Կողբում ուղղորդո՞ւմ է ընտրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի ընտրատեղամասերից մեկում քվեարկության ընթացքում Factor TV-ի լրագրողը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ՝ ընտրատեղամասի մուտքի մոտ ընտրողների հոսքի կարգավորման վերաբերյալ։

Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ վստահված անձը կանգնած է եղել ընտրատեղամասի մուտքի դռների հատվածում և խոսել է ներս մտնող քաղաքացիների հետ։ Լրագրողի՝ նկարահանելու և ներկայանալու խնդրանքին նա սկզբում բացասաբար է արձագանքել՝ պահանջելով հեռացնել («ուդալիտ» անել) իր մասնակցությամբ հատվածը և չնկարահանել իրեն։

Ավելի ուշ տեղամասի սրահում վստահված անձը հաստատեց, որ ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և պնդեց, որ ուղղակի ընտրողներին ասում է, որ մտնեն՝ շատ մարդ չլինի ներսում։ Լրագրողի դիտարկմանը, որ դա հանձնաժողովի գործառույթն է, նա նշել է. «Հա, թող հանգիստ էլ մտնեն»։

Միջադեպի վերաբերյալ պարզաբանում է տվել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, որը նշանակվել է ՔՊ քվոտայով։ Նա նշել է, որ տվյալ պահին իր ուշադրությունը այլ ուղղությամբ է եղել և չի նկատել վստահված անձի գործողությունները։

Հանձնաժողովի նախագահը հաստատել է, որ ընտրողների հոսքը կարգավորելը հանձնաժողովի պարտականությունն է, ոչ թե վստահված անձի, սակայն հավելել է, որ վստահված անձին նման հանձնարարություն չի տրվել։ Նրա խոսքով՝ եթե վստահված անձը դուրս գալիս տեսել է, որ ներսում մարդիկ շատ են, և պարզապես խնդրել է սպասել, ինքը դրա մեջ խախտում կամ խնդիր չի տեսնում։ Նախագահը նաև հերքել է, թե կուսակցական պատկանելությունը կարող է կաշկանդել իր աշխատանքը՝ ընդգծելով, որ քվեարկության օրը կուսակցությունը կապ չունի իր գործառույթների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment