Նոյեմբերյանում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նոյեմբերյանի 37/2 ընտրատեղամասի մուտքի մոտ առանց տարբերանշանի (բեյջի) գտնվող մի քաղաքացի ընտրատեղամասի դռների մոտ զրուցել է ընտրական գործընթացում ներգրավված անձանց հետ և նշել, թե «կգնա կկարգավորի»։ Factor TV-ի լրագրողը խնդրել է քաղաքացուն ներկայանալ և պարզաբանել, թե ինչ կարգավորման մասին է խոսքը, որին տղամարդը կոշտ է արձագանքել։
«Դա ի՞նչ կապ ունի՝ լրագրող ես, թե ինչ ես, ընկեր ջան։ Մորս բերել եմ ընտրության, էն էլ ծանոթ աղջիկ ա՝ խոսում եմ… Քեզ ի՞նչ՝ ո՞վ եմ և ի՞նչ եմ անում»,- ասել է քաղաքացին՝ միևնույն ժամանակ նշելով, թե ինքն էլ է լուսաբանում ընտրությունները՝ նշելով, որ ավելի ուշ կվերադառնա բեյջով։
Հանձնաժողովի նախագահը Factor TV-ին ասաց, որ չի նկատել դրսում տեղի ունեցածը և պատասխանատու է ընտրատեղամասի ներսի համար։
Տեղամասում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, ում հետ մինչ այդ զրուցում էր տղամարդը, լրագրողի հարցին ի պատասխան հաստատել է, որ տղամարդը ՔՊ-ի շտաբից է։
Վստահված անձի խոսքով՝ նա տեղամաս էր եկել մորն ընտրության բերելու նպատակով, իսկ ինքը չի տիրապետում մանրամասներին, թե նա ինչ գործառույթ է իրականացնում կուսակցության շտաբում։
Մանրամասները՝ տեսանյութում։