Վրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն Օկուջավային

Վրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն Օկուջավային

Վրաստանի իրավապահները թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման կամ պահման կասկածանքով ձերբակալել են Զուգդիդիում գտնվող Դադիանի պալատի պատմաճարտարապետական թանգարանի նախկին տնօրեն Անզոր Օկուջավային։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։

ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով։ Այն պատասխանատվություն է նախատեսում թմրամիջոցների, դրանց համարժեքների, պրեկուրսորների կամ նոր հոգեներգործուն նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման համար։

Առայժմ հայտնի չէ, թե հոդվածի որ մասով են մեղադրանք առաջադրել Օկուջավային, ինչ նյութ են հայտնաբերել և ինչ քանակությամբ։ Չի հաղորդվում նաև, թե Զուգդիդի շրջանային դատարանն ինչ խափանման միջոց է ընտրել։

Օկուջավան թանգարանը գլխավորել է 2021 թվականի հուլիսի 5-ից։ Նրան նշանակել էր Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով այն ժամանակվա նախարար Թեա Ցուլուկիանին։

Մոտ մեկ ամիս առաջ Օկուջավան թողել է տնօրենի պաշտոնը։ Իր պնդմամբ՝ նա հեռացել է սեփական ցանկությամբ։

Leave a comment