«Գազպրոմը» ևս երեք տարով երկարաձգել է Թուրքիային գազ մատակարարելու պայմանագիրը
Ռուսական «Գազպրոմը» և թուրքական BOTAŞ ընկերությունը երեք տարով երկարաձգել են ռուսական գազի մատակարարման պայմանագիրը՝ պահպանելով նախկին պայմաններն ու ծավալները, գրում է «Ազատությունը»։
Այս մասին Ստամբուլում ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նովակի փոխանցմամբ՝ ռուսական «Նովատեկ» ընկերությունը ևս պայմանագիր է կնքել՝ 2027 թվականի հունվարի 1-ից Թուրքիային հեղուկացված բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Սկզբնական ծավալները փոքր կլինեն, սակայն նախատեսվում է հետագայում դրանք ավելացնել։
Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է նաև, որ Թուրքիայում ռուսական «Ռոսատոմի» կառուցած «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործման մեկնարկը նախատեսվում է դեկտեմբերին։
Մինչ Թուրքիան շարունակում է էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, Եվրամիությունը նախատեսում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազի ներմուծումից։