Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերին միանալու հնարավորությունը վերջին օրերին հանրային քննարկումների առարկա է դարձել։ Թեման ակտիվացավ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը DigiTec 2026-ի ընթացքում խոսեց TRIPP նախագծի միջոցով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ էներգետիկ ցանցերի կապակցման հնարավորության մասին։
Հայտարարությունից հետո ռուսական տեղեկատվական դաշտում և ռուսամետ հայաստանյան հարթակներում սկսեցին շրջանառվել պնդումներ, թե «Թրամփի ուղու» միջոցով Հայաստանի էլեկտրացանցերը Թուրքիայի և Ադրբեջանի համակարգերին միացնելը կարող է հանգեցնել երկրի էներգետիկ անկախության կորստին։
Արդյո՞ք էներգահամակարգերի փոխկապակցումն իսկապես նման վտանգներ է պարունակում, և ի՞նչ է այն ենթադրում Հայաստանի համար։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միանալը կարող է Հայաստանին կանգնեցնել գաղութացման վտանգի առաջ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կապել է Հայաստանի էլեկտրացանցերը Թուրքիայի և Ադրբեջանի համակարգերին միացնելու հնարավոր սցենարի հետ։
ՀԷՑ-ը պետականացնելու իշխանության քայլերին անդրադառնալով՝ Կարապետյանը հեգնանքով գրել է, թե ընկերությունը «ստոլբեն լավ գնով չէր առել, դրա համար էլ այն կխլեն՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգերին միացնելու նպատակով»։
Այս գնահատականներին հակադարձել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրական ցանցերի փոխկապակցումը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի շուրջ ընթացող իրավական գործընթացների հետ։
Պետրոսյանը պարզաբանել է, որ միջպետական էներգետիկ ինտեգրացիան իրականացվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով։ Հայաստանում այդ ենթակառուցվածքները պատկանում և կառավարվում են 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից։
Հայաստանն արդեն իսկ էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցում ունի Վրաստանի և Իրանի հետ։ Դա իրականացվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների միջոցով։ Հայաստանի և հարևան երկրների էներգետիկ կապերի մասին տվյալներ ներկայացված են նաև Միջազգային էներգետիկ գործակալության և Համաշխարհային բանկի հրապարակումներում։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի հնարավոր փոխկապակցումը կարող է Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծել էլեկտրաէներգիայի փոխանակման և առևտրի ոլորտում։ Factor.am-ի հետ զրույցում «Դիջիդաթա» ՓԲԸ-ի տնօրեն Վահե Կիրակոսյանը նշել է, որ որքան շատ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի հետ կապեր ունենա Հայաստանը, այնքան ավելի լայն հնարավորություններ կունենա էներգետիկ շուկայում։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների հետ փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել մեկ շուկայից կամ մեկ մատակարարից կախված լինելու ռիսկերը՝ հնարավորություն տալով էլեկտրաէներգիա գնել և վաճառել ավելի լայն շուկայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն էներգետիկ 100 տոկոսանոց անկախության հասնելն է։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անկախությունը չի նշանակում մեկուսացում միջազգային էլեկտրաէներգետիկ շուկայից։
Այսպիսով, էներգետիկ համակարգերի փոխկապակցման մասին քննարկումներում կարևոր է տարբերակել փաստերը քաղաքական գնահատականներից և ստուգել շրջանառվող պնդումները վստահելի աղբյուրներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան