2026 թվականի նոյեմբերի 27-ին Լիբանանում հանդիսավորությամբ նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 136-ամյակը։ «Վեր կաց, ժողովուրդ» խորագիրը կրող միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, Սփյուռքի դերակատարությանը, լիբանանահայ համայնքի իրավիճակին, ինչպես նաև Դաշնակցության քաղաքական առաջնահերթություններին ու ազգային հանձնառություններին։
Իր խոսքի սկզբում Բալաբանյանը շեշտել է, որ Դաշնակցության հիմնադրման օրը կուսակցության գործունեությունը գովերգելու առիթ չէ, այլ անցած ուղին արժևորելու, դժվարությունները գնահատելու և ժողովրդին ապավինելու ու ազգային հանձնառությունը վերահաստատելու օր։
«Այս օրը, որ կնշենք տարին անգամ մը, մեր անցած ուղին արժևորելու, այնտեղ մեր առջև ցցված դժվարությունները հաղթահարելու համար, մեր ժողովրդին ապավինելու և մեր հանձնառությունը վերահաստատելու օր է»,- նշել է նա։
Անդրադառնալով Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած քաղաքական ու գաղափարական մարտահրավերներին՝ Բալաբանյանը մտահոգություն է հայտնել ազգային արժեքների, պատմական հիշողության և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ ձևավորվող մթնոլորտի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ այսօր պահանջատիրությունը ներկայացվում է որպես առավելապաշտություն, ամբողջական հայրենիքի մասին խոսելը՝ ռազմատենչություն, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը՝ խաղաղությանը սպառնացող քայլ, իսկ ռազմագերիների վերադարձի համար պայքարը՝ հակապետականություն։
Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներից հրաժարվելու, Սահմանադրությունը փոխելու, Արարատի մասին չխոսելու և պատմական հայրենիքի հիշողությունը մոռացության մատնելու պահանջները չեն կարող ընդունելի լինել Դաշնակցության համար։
«Այս բոլորը ընդունելի չեն կրնար ըլլալ Դաշնակցության համար, որ հիմնադրված է այս բոլոր պարտադրվող երևույթներուն դեմ պայքարելու համար»,- հայտարարել է Բալաբանյանը։
Նրա համոզմամբ՝ Դաշնակցության գաղափարախոսության հիմքում հայ ժողովրդի ազատ ապրելու կամքն է, Ավարայրի խորհուրդը, բռնությանը չենթարկվելու վճռականությունը և Սարդարապատի ոգին՝ որպես ազգային շարունակականության երաշխիք։
Խոսելով Հայաստանի պետականության մասին՝ ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչը տարանջատել է հայրենիքն ու պետությունը տվյալ պահին իշխանություն իրականացնողներից՝ ընդգծելով, որ հայրենիքի նկատմամբ ազգային կապվածությունը կախված չէ օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։
«Մեր պետությունը անպայման վերստին կդառնա համազգային պետություն՝ դառնալով բոլոր հայերուն իղձերուն և առաջադրանքներուն թարգմանը»,- համոզմունք է հայտնել նա։
Բալաբանյանի խոսքով՝ իշխանությունները ժամանակավոր են, իսկ ազգային նպատակներն ու պահանջները՝ մնայուն։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի պետականության ղեկին կրկին կհայտնվեն այն ուժերը, որոնք չեն հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, Արցախի ժողովրդի իրավունքներից, Արարատից և պատմական հայրենիքից։ Միաժամանակ ընդգծել է, որ Սփյուռքի համայնքները շարունակելու են իրենց պահանջատիրական առաքելությունը՝ պահպանելով Հայ դատի պաշտպանության գործում ունեցած առաջատար դերակատարությունը։
Ելույթի զգալի հատվածը նվիրված էր Լիբանանի և լիբանանահայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին։ Բալաբանյանը ներկայացրել է երկրի ծանր իրավիճակը՝ անդրադառնալով պատերազմին, տնտեսական փլուզմանը, խորացող սոցիալական ճգնաժամին և դրանց՝ հասարակության վրա թողած հետևանքներին։
Չնայած այս դժվարություններին՝ նա առանձնահատուկ կերպով արժևորել է լիբանանահայության տոկունությունը, ազգային ինքնության պահպանումն ու Հայաստանի հետ կապը։
«Լիբանանահայը գիտե ինչ է դժվարությունը, բայց գիտե նաև ինչպես զայն հաղթահարել, գիտե ինչ է կորուստը, բայց գիտե նաև ոտքի կանգնած մնալ»,- նշել է Բալաբանյանը։
Նրա գնահատմամբ՝ լիբանանահայ համայնքը, անցնելով տասնամյակների քաղաքական, անվտանգության և տնտեսական ճգնաժամերի միջով, շարունակում է հավատարիմ մնալ իր ազգային արժեքներին ու դաստիարակությանը։ Համայնքը, իր բոլոր վերքերով հանդերձ, պահպանել է Հայաստանի և Սփյուռքի միջև կամրջի իր առաքելությունը։
«Այս համայնքը իր բոլոր վերքերով հանդերձ մնաց կամուրջ Հայաստանի ու Սփյուռքի միջև, մնաց ապացույց, որ երբ ժողովուրդը միասին է ու հավատարիմ իր ինքնության, ոչ մեկ փոթորիկ կրնա արմատախիլ լինել զայն»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Լիբանանի ներկայիս քաղաքական և անվտանգային իրավիճակին՝ Բալաբանյանը խոսել է երկրի հարավային շրջաններում ստեղծված կացության, Իսրայելի շարունակական հարվածների, արտաքին ճնշումների և ներքաղաքական բևեռացման մասին։
Նման պայմաններում նա կարևորել է լիբանանահայ քաղաքական, կրոնական և մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության ու խորհրդակցությունների շարունակականությունը՝ շեշտելով, որ համայնքը չպետք է ներքաշվի ներքին բախումների մեջ։
«Օրհասական այս պայմաններու մեջ մենք կհավատանք, որ մեր համայնքի բաղկացուցիչ բոլոր տարրերը՝ քաղաքական, հարանվանական թե մշակութային կազմակերպությունները, պետք է շարունակեն միասին քննարկել կացությունը, տեսնել վտանգները, որևէ կերպով չներքաշվիլ ներքին բախումներու և պահել համայնքին անվտանգությունը»,- հայտարարել է նա։
Բալաբանյանը տեղեկացրել է, որ Դաշնակցությունը շարունակական խորհրդակցությունների մեջ է հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ապահովել համայնքի անվտանգությունը և քաղաքական տարբեր բևեռների միջև լարվածության պայմաններում առաջնահերթություն տալ լիբանանահայության շահերին։
Նա նաև ընդգծել է, որ Լիբանանի գերիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, կրոնական և խոսքի ազատությունները, ինչպես նաև ազգային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը Դաշնակցության սկզբունքային դիրքորոշման անբաժանելի մասն են։
«Այս սկզբունքային կեցվածքները պայմաններու, կարճատև շահերու, ուժերու հավասարակշռությանց և ճնշումներու տակ սակարկության առարկա չեն կրնա ըլլալ Հայ Յեղափոխական Դաշնակցության համար»,- շեշտել է նա։
Լիբանանի ապագայի վերաբերյալ իր դիտարկումներում Բալաբանյանը կարևորել է պետական հաստատությունների հեղինակության և գործունակության վերականգնումը, երկրի անվտանգության ու սահմանների վերահսկողության հարցերում պետական կառույցների պատասխանատվության բարձրացումը։
Նրա համոզմամբ՝ երկրի պաշտպանությունն ու ազգային ճակատագրին վերաբերող որոշումները պետք է հիմնվեն հեղինակավոր և կարող պետական կառույցների վրա, որոնք իրենց օրինականությունը կստանան ինչպես Սահմանադրությունից, այնպես էլ Լիբանանի հիմնարար ազգային համաձայնություններից։
Միաժամանակ նա անհրաժեշտ է համարել քաղաքական և սահմանադրական բարեփոխումները, պետական համակարգի արդիականացումը, կառավարման արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների վստահության վերականգնումը։
Ելույթի մեկ այլ կարևոր ուղղություն Լիբանանի սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումն էր։ Բալաբանյանը նշել է, որ ՀՅԴ Լիբանանի քաղաքական և խորհրդարանական գործունեությունը շարունակելու է ուղղված լինել ժողովրդի սոցիալական ու կենսապահովման խնդիրների լուծմանը, տնտեսական իրավունքների պաշտպանությանը և ֆինանսական ճգնաժամի հետևանքով կորցրած քաղաքացիների խնայողությունների վերականգնման արդար պահանջի իրականացմանը։
Նրա խոսքով՝ տնտեսական վերականգնումը չի կարող սահմանափակվել միայն ֆինանսական ցուցանիշներով և արտաքին աջակցությամբ։ Այն պետք է ուղեկցվի կրթության, առողջապահության, աշխատանքի, բնակարանային ապահովության, սոցիալական պաշտպանության և աղքատության դեմ պայքարի ուղղությամբ հետևողական քաղաքականությամբ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդությանը։ Բալաբանյանը շեշտել է, որ երկրի ապագայի նկատմամբ երիտասարդության հույսն ու հավատը վերականգնելը, նրանց գիտելիքներն ու կարողությունները Լիբանանի զարգացմանը ծառայեցնելը և արտագաղթը կանխող պայմաններ ստեղծելը պետք է լինեն քաղաքական ու հասարակական գործունեության առաջնահերթությունները։
«Լիբանանի երիտասարդության համար ապագայի նկատմամբ հույս և հավատք, ավելի ճիշտ՝ նոր ապագա ապահովելը, երիտասարդներու գիտելիքներ, կարողություններն ու ներուժը երկրի զարգացման ծառայեցնելը, անոնց արտագաղթը կասեցնող պայմանները ստեղծելը մեր քաղաքական և հասարակական գործունեության առաջնահերթություններն են»,- ասել է նա։
136-ամյա ուղին՝ պատասխանատվություն եվ շարունակականություն
Ամփոփելով ելույթը՝ Ալբեր Բալաբանյանը նշել է, որ Դաշնակցության 136-ամյա պատմությունը, ինչպես նաև Լիբանանում նրա գրեթե նույնքան երկար գործունեությունը ոչ միայն պատմական հպարտության, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության աղբյուր են։
Նրա խոսքով՝ անցյալին արժանի լինելու համար բավարար չէ միայն հիշելն ու հպարտանալը. անհրաժեշտ է շարունակել ծառայել նույն քաղաքական և բարոյական սկզբունքներին՝ հանուն ժողովրդի, համայնքի և հայրենիքի։
Նա կարևորել է նաև համայնքային կառույցների, բարեսիրական միությունների, առողջապահական հաստատությունների և գրասենյակների միջև համակարգման աշխուժացումը՝ պահպանելով հայկական ակումբների՝ ժողովրդական կարիքներին ու դիմումներին արձագանքող վստահելի հասցեների դերակատարությունը։
Ելույթի ավարտին Բալաբանյանը վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը, ապավինելով իր հավաքական ուժին և միասնականությանը, կհաղթահարի ներկա դժվարությունները։
«Հենած մեր ժողովրդին՝ կհաստատենք, որ անպայման միասնաբար կհաղթենք նաև այս հանգրվանները»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի պետականությունը կրկին պետք է ստանա ազգային նկարագիր, իսկ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն թե՛ Արցախում, թե՛ պատմական հայրենիքում։
Բալաբանյանի խոսքով՝ լիբանանահայությունը ևս պետք է վերագտնի իր առաջնային դիրքերը Հայ դատի պահանջատիրական պայքարում և հայրենիքի հզորացման գործում։
Ելույթը եզրափակվել է ազգային ոգու և միասնականության կոչով՝ «Վեր կաց, ժողովուրդ» խորագրի խորհրդին համահունչ։
«Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, կեցցե ազատ, անկախ և ամբողջական Հայաստանը»,- եզրափակել է Ալբեր Բալաբանյանը։