Ձմռանը ջեռուցման սարքերի ակտիվ օգտագործման հետևանքով մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները՝ հնարավոր դեպքերից խուսափելու համար։
«Շմոլ գազն անգույն և անհոտ է, ուստի առանց հատուկ ազդանշանիչի հնարավոր չէ հայտնաբերել դրա առկայությունը։ Շմոլ գազի առկայության կասկածի կամ ազդանշանիչի գործարկման դեպքում անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ մաքուր օդ, ապա զանգահարել 112։ Տարածք վերադառնալ խորհուրդ չի տրվում, մինչև մասնագետները չհաստատեն դրա անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անվտանգության համար Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս օգտագործել միայն գործարանային արտադրության և տեխնիկապես սարքին ջեռուցման սարքեր, պարբերաբար ստուգել սարքավորումներն ու ծխատար խողովակները, չփակել օդափոխության անցքերը և չանջատել գազի անվտանգության ազդանշանային համակարգերը։
Փրկարար ծառայությունը հիշեցնում է՝ շմոլ գազը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ դրա առկայությունը չի զգացվում, իսկ կանխարգելիչ միջոցառումները կարող են փրկել կյանքեր։