Նիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա Մկրտչյան

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ որոշումը և օրինական ուժ տվել Համբարձումյանին ազատազրկման դատապարտելու դատավճռին։

Նա մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու մեջ։ Ըստ իրավապահների՝ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-17։00-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Դավիթ Համբարձումյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

MediaHub-ը զրուցել է ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ՝ պարզելու՝ արդյոք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, ինչ հնարավորություններ ունի Համբարձումյանի թիմը Մասիսի համայնքապետի ընտրություններում, և ինչ պետք է անել Հայաստանում քաղաքական հետապնդումները կանխելու համար։

«Նիկոլը որևէ այլակարծություն չի հանդուրժում՝ անկախ նրանից՝ դա տեղական համայնքային մակարդակով է, թե Հայաստանի Հանրապետության մակարդակով։ Ցանկացած ընդվզող և ընդդիմացող հայ մարդու նա, բնականաբար, տանում է երկու ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ։ Ցավոք սրտի, դեպքեր եղել են և՛ ազատազրկման, և՛ մահվան»,– ասաց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն քաղաքական հետապնդումների է ենթարկվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այլև այսօր, իր գնահատմամբ, բռնադատված է։

«Մարդը ձերբակալվել է և դատապարտվել ոչ թե այն պատճառով, որ քրեական օրենսգրքով պատժելի որևէ արարք է կատարել, այլ միայն նրա համար, որ պայքարել է Նիկոլի իշխանազավթման դեմ, պայքարել է իր համայնքում իր քաղաքացիների ձայնը, իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»,– նշեց նա։

Անդրադառնալով Մասիսի համայնքապետի ընտրություններին և Դավիթ Համբարձումյանի թիմի հնարավորություններին՝ Մկրտչյանն ասել է, որ քաղաքացիները պետք է շարունակեն իրենց դիմադրությունն ու հակազդեցությունը։

«Մասիսում մեր քաղաքացիները պիտի շարունակեն դիմադրել և փորձեն ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը չկարողանա ավարտին հասցնել իր մշակած ծրագիրը։ Դավիթ Համբարձումյանը ներկայացրել է այդ հույսը, և ես հույս ունեմ, որ մասիսցիները կկարողանան իրենց դիմադրությունն ու հակազդեցությունը ցույց տալ»,– ասաց Մկրտչյանը։

Հարցին՝ ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանում այլևս քաղաքական հետապնդումներ չլինեն, Մկրտչյանը պատասխանել է, որ դրա լուծումը կապում է գործող իշխանության հեռացման հետ

«Հայաստանում քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնաճնշումների և ատելության այս տարանջատումը փակվելու է միայն Նիկոլի չլինելով։ Այլ ընտրական միջոցներ և մեթոդներ չկան։ Ցանկացած տեսակի պայքար, որը մենք պատկերացնում ենք առանց Նիկոլի հեռացման, դատապարտված է ձախողման, որովհետև նա, բնականաբար, ստրկացված և հպատակեցված պետական ապարատն օգտագործում է ոչ թե երկրում օրինականությունն ու ներքին կայունությունն ապահովելու, այլ բացառապես իր աթոռը պահելու համար»,– հայտարարեց նա։

Leave a comment