Հասարակություն
28.11.2026 | 12:51
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն)։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ հետապնդումը վերաբերում է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործին։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բորիս Նազարյանը պատշաճ հսկողություն չի իրականացրել սպանության գործով նախաքննության օրինականության նկատմամբ և չի տվել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ։
Դրա հետևանքով քննիչը 2000 թվականի մարտի 25-ին արդարացնող հիմքով դադարեցրել է Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ չնայած նրա առնչությունը սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայությանը։ Հետագայում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, Ս․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- գրված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ՔԿ-ի, Հ․Ն․-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում նրան ժամանակին մեղադրյալ ներգրավելու որոշում չի կայացվել։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել միայն 2025 թվականի հուլիսի 31-ին, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։
Քննչական կոմիտեն նշում է, որ Բորիս Նազարյանի անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Բորիզ Նազարյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1999-2001թթ.-ին։