Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործը քննվել է 40 օրում՝ միջինից 14 անգամ արագ:
Ըստ նրա՝ «Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն»:
«Այսպես, Վճռաբեկի պաշտոնական կայքէջի տվյալների հիման վրա, ԱԲ-ի օգնությամբ, կատարեցի հետևյալ պարզ հաշվարկը. վերցրեցի դատավճիռների դեմ (առանց միջանկյալ ակտերի) քրեական պալատի կայացրած վերջին 20 որոշումները (2026-ի հունիսից նոյեմբեր), հաշվել տվեցի բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածները, ապա հաշվել տվեցի այդ ժամանակահատվածների միջինը։ Ստացվեց 568 օր, այսինքն՝ մեկ ու կես տարուց ավել։
Մինչդեռ Դավիթի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ։ Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»,-գրել է նա:
Նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը, որի համաձայն դատարանն ամբողջությամբ բավարարել է Դավիթ Համբարձումյանի մասով գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքը։ Արդյունքում բեկանվել է Համբարձումյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին օրինական ուժ է տրվել։