«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է՝ հանձնվի թուրքական ընկերության:
ՀԾԿՀ նախագահը նկատեց՝ նման թեզեր հնչում են ընդդիմախոսների կողմից, սակայն դրանք որևէ օբյեկտիվ հիմք չունեն:
«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբրև թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում:
Հետևաբար այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ թուրքական որևէ ընկերության ՀԷՑ վաճառելու որևէ նշան չեմ տեսնում»,-ասաց նա: