Հայկական կողմը ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս հիմնվում է Իրանի պաշտոնական հայտարարությունների վրա՝ ի դեմս Իրանի արտաքին գործերի նախարարի, սակայն Իրանի դիրքորոշումը չի կարող լինել միայն նրա արտահայտած կարծիքը։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանցի փորձագետ Փույա Հոսեյինին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն Իրանի կարմիր գծերը հարգում է, և որ ԹՐԻՓՓ-ն այդ կարմիր գծերը չի հատել ու չի էլ հատելու։ Մինչդեռ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը, անդրադառնալով հայ-ամերիկյան TRIPP նախագծին, այն անվանել էր «կեղծ երթուղի»։ Միաժամանակ նա նշել էր, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը երկրի համար «կարմիր գիծ» են, և Թեհրանը թույլ չի տա դրանք անտեսել։
«Երբ Արաղչին Հայաստանում էր, ասաց, որ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ լիովին վստահում է Հայաստանին, և որ Հայաստանի գործընկերները վստահեցրել են, որ այս նախագիծը Իրանի դեմ չի լինելու։ Բայց, այո, կա նաև երկրորդ տեսակետ, և այդ երկու տեսակետները իրար չեն հակասում, պարզապես պաշտոնական տեսակետն ավելի մեղմ է, երկրորդն՝ ավելի կոշտ։ Պետք է հասկանալ, որ Իրանի պետական համակարգի կառուցվածքի հարցն այն է, որ երկրորդ՝ առավել կոշտ հայտարարություններ անող շրջանակներում ևս կան Իրանում որոշումների վրա ազդեցություն ունեցող շրջանակներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց նաև Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը, ըստ որի՝ ԹՐԻՓՓ-ի մասին միայն արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը չի կարող լինել որոշիչ, պետք է հաշվի առնվի ամբողջ պետական համակարգի դիրքորոշումը։
«Դա նշանակում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև հաշվի է առնում մյուս շրջանակների տեսակետները, և դրանք ազդեցություն ունեն պաշտոնական տեսակետների վրա։ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ կոշտ հայտարարություններ անողները Իրանի հոգևոր առաջնորդին մոտ կանգնած մարդիկ են, ովքեր մեծ ներդրում են ունեցել Իրանի արտաքին քաղաքականության մեջ, և նրանց տեսակետները նույնպես պաշտոնական Երևանը պետք է հաշվի առնի։
Հայաստանում պարբերաբար լսում ենք հայտարարություններ, որ իրենց համար հիմք է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, բայց հաշվի առնելով, որ Իրանը այլ պետական համակարգ ունի՝ մյուս շրջանակների հայտարարությունները և դիրքորոշումը ևս շատ կարևոր են։ Վերջնական որոշումներ կայացնելիս պաշտոնական Երևանը պետք է հաշվի առնի դրանք»,- ասաց նա։