Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա

Քաղաքականություն

27.11.2026 | 21:14

Ռուսաստանի կառավարությունը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը, գրում է Meduza-ն։

«Որոշումն ընդունվել է ներքին պարենային շուկայում կայուն իրավիճակ պահպանելու նպատակով»,- հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։

Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ինչպես նաև այն մարդասիրական օգնության, որը տրամադրվում է օտարերկրյա պետություններին կառավարության որոշումների հիման վրա։

Բացի այդ, զրոյացվել են ոլոռի, սիսեռի և ոսպի արտահանման մաքսատուրքերը, որոնք նախկինում կազմում էին 5 տոկոս։ Կառավարությունում պարզաբանել են, որ «այս արտադրանքի արտահանման գները զգալիորեն նվազել են», իսկ զրոյական դրույքաչափերը նպատակ ունեն բարձրացնել հայրենական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում։

2026 թվականին Ռուսաստանում հնդկաձավար ցանվել է շուրջ 708 հազար հեկտար տարածքում (2025 թվականին՝ 751 հազար հեկտար)։ «Ագրոինվեստոր»-ը, հղում անելով Ռոսստատի գարնանային հաշվառման տվյալներին, նշում է, որ սա ամենացածր ցուցանիշն է 1990 թվականից ի վեր։

2026 թվականին հնդկաձավարի հիմնական ներկրողը դարձել է Չինաստանը։ Տարվա ոչ ամբողջական ժամանակահատվածում այդ երկիր է արտահանվել շուրջ 157 հազար տոննա հնդկաձավար՝ 56 միլիոն դոլար արժողությամբ։

Նախորդ անգամ հնդկաձավարի արտահանումն արգելվել էր 2021 թվականին։ Այդ ժամանակ արգելքը գործել է հունիսի 5-ից օգոստոսի 31-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment