Վիետնամում նախատեսում են Թրամփի աշտարակ կառուցել

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող The Trump Organization ընկերության ապրանքանիշով երկնաքեր կառուցել։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Հանոյի Թրամփի աշտարակը նախատեսվում է կառուցել Արևմտյան լճի (West Lake) հարևանությամբ՝ մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասերից մեկում, որտեղ բնակվում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ։ Առնվազն 60-հարկանի շենքի նախագիծը իշխանություններին ներկայացվել է դեռևս մայիսին և ներկայումս սպասում է հաստատման։ Շինարարությունը կարող է սկսվել 2027 թվականի վերջին կամ 2028 թվականին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ին Վիետնամի կառավարության ներկայացուցիչները հանդիպել են տեղական կառուցապատող ընկերությունների, այդ թվում՝ Kinh Bac City Development ընկերության ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնի հայտարարություններից կարճ ժամանակ անց, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն կարող է վիետնամական ապրանքների նկատմամբ մինչև 35% նոր մաքսատուրքեր սահմանել, որոնք առևտրային համաձայնագրի կնքման դեպքում կարող են նվազեցվել մինչև 20%։ Reuters-ի մեկնաբանության հարցումներին կողմերը դեռևս չեն պատասխանել։

Գործակալությունը հիշեցնում է, որ Հանոյում նախատեսվող երկնաքերը Վիետնամում Թրամփի ապրանքանիշով իրականացվող երեք նախագծերից մեկը կլինի։ Ներկայումս Հանոյի մերձակայքում արդեն կառուցվում է 1.5 միլիարդ դոլար արժողությամբ գոլֆի համալիր, իսկ երկրի հարավային խոշորագույն քաղաքում՝ Հոշիմինում, նախատեսվում է կառուցել ևս մեկ Թրամփի աշտարակ։

Leave a comment