Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի:

Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:

Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:

Սրանց քաղաքական պատկերն է»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։

Leave a comment