Եվրամիության անդամ յոթ երկրների ղեկավարները, որոնք «զայրացած» են եղել տեղի ունեցող գործընթացից, տապալել են միության 2028–2034 թթ․ բյուջեի շուրջ բանակցությունները․ նրանք ցուցադրաբար դուրս են եկել քննարկումներից ու պահանջել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հրաժարվի համաձայնության հասնելու գործընթացում միջնորդի դերից։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովին։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ այն երկրների ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս ԵՄ բյուջեի կրճատման օգտին, «ակնհայտորեն ցնցված և զայրացած» են եղել բանակցությունների ընթացքում որդեգրված մոտեցումից։ Այդ խմբի մեջ են մտնում Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Բելգիան։
Տարբեր տարածաշրջաններից երկրների փոքր խմբերով անցկացված ժամեր տևած հանդիպումներից հետո Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Ավստրիայի ղեկավարները լքել են քննարկումը՝ պնդելով, որ Կոշտայի մշակած քննարկման ձևաչափը նպատակ ուներ նրանց հակադրել միմյանց։
«Ակնհայտ է, որ սա միտված էր մեզ պառակտելուն՝ մեզանից յուրաքանչյուրին՝ յոթիս էլ, կաշառելու միջոցով։ Գործերը շատ վատ ընթացան։ Սա անկեղծ քննարկում չէր», — պատմել է այս երկրներից մեկի դիվանագետը։
Ինչպես հաղորդում է Politico-ն, Կոշտան «հուսահատորեն» ձգտում է մինչև տարեվերջ Եվրամիության բյուջեի շուրջ համաձայնության հասնել բոլոր 27 անդամ պետությունների միջև։ Նոյեմբերի 26-ին համաձայնության ձեռքբերում ոչ ոք չէր ակնկալում. հանդիպման նպատակը պարզապես երկու հիմնական հակադիր ճամբարների դիրքորոշումները մերձեցնելու փորձն էր։
Առաջին ճամբարը ձգտում է մեծացնել բյուջեն և պահպանել ԵՄ-ի «ավանդական» ծախսերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ավելի աղքատ տարածաշրջաններին ցուցաբերվող աջակցությունը։ Այս խմբում են, օրինակ, Իտալիան և Իսպանիան։
Երկրորդ ճամբարը, որը գլխավորում է Գերմանիան, բաղկացած է բյուջետային կրճատումների և խնայողական քաղաքականության կողմնակիցներից։ Նրանք պահանջում են ոչ միայն կրճատել բյուջեն, այլև միջոցները «ավանդական» ծախսերից վերաբաշխել՝ ուղղելով դրանք պաշտպանության և անվտանգության ոլորտներին։
Եվրոպական հանձնաժողովն ի սկզբանե առաջարկել էր մոտ 2 տրիլիոն եվրոյի յոթնամյա բյուջե։ Բրյուսելում կայանալիք քննարկումներից առաջ Կոշտան ներկայացրեց փոխզիջումային առաջարկ՝ 1,75 տրիլիոն եվրոյի չափով (ներառյալ բյուջեից դուրս միջոցները)։ Նա նաև խոստացավ կրճատել բյուջեն ևս 220–230 միլիարդ եվրոյով. մի թիվ, որը զիջում է «տնտեսող» երկրների պահանջած 250 միլիարդ եվրոյի կրճատմանը։
Ըստ Politico-ի՝ գագաթնաժողովում Կոշտայի որդեգրած մարտավարությունը հիասթափեցրեց երկու կողմերին էլ։ Դիվանագետներից մեկը նշեց, որ «տնտեսող» երկրները որոշել են բոյկոտել հետագա քննարկումները այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն «խիստ զայրացել է» Եվրոպական խորհրդի ղեկավարի որդեգրած մոտեցման պատճառով։
Ի վերջո, Կոշտան որոշեց չշարունակել բանակցությունները, թեև նախատեսել էր հաջորդ քննարկումներն անցկացնել ուրբաթ օրը։ ԵՄ երկու դիվանագետների փոխանցմամբ՝ առաջնորդների հետ փակ հանդիպումների ընթացքում նա հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կներկայացնի բյուջեի նոր նախագիծ՝ նախատեսելով լրացուցիչ կրճատումներ։
Աղբյուրներից մեկը նշել է, որ Կոշտայի որդեգրած մարտավարությունը կարող է հանգեցնել բանակցությունների ձախողմանը․ հետևաբար, ԵՄ բյուջեի հարցում առաջընթաց գրանցելու համար կարող է այլ միջնորդ պահանջվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ բանակցությունները մինչև Նոր տարի չավարտելը և դրանց ձգձգումը «հակաժողովրդավարական» կլինի՝ հաշվի առնելով, որ ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են սպասվում։ Թեկնածուների շարքում առաջատարներից մեկը համարվում է աջ պոպուլիստական ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը։
Եվրոպացի դիվանագետներից մեկը վրդովմունք է հայտնել Մակրոնի ներկայացրած վերջնագրի կապակցությամբ՝ նրան անվանելով «պարոն Շանտաժ» (Monsieur Chantage / Monsieur Blackmail)։
Ինչպես նշել է պարբերականը, ԵՄ պաշտոնյաների համար անակնկալ են եղել տարաձայնությունների խորությունն ու բանակցությունների այս փուլի չափազանց լարված արդյունքը։ Շատերը կանխատեսում էին որոշակի «քաղաքական թատրոն», սակայն չէին բացառում նաև փոխզիջման հնարավորությունը։
Այժմ համաձայնության գալու հաջորդ հնարավորությունը կընձեռվի միայն դեկտեմբերի 17-ին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ. հանդիպում, որը, ինչպես սպասվում է, կարող է ձգվել մի քանի օր ու գիշեր։