ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն, քարոզչությունն արգելվում է։

Քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով։

ԿԸՀ-ն նաև հորդորում է քվեարկության օրը ուշադրություն դարձնել հագուստին՝ խուսափելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ ասոցացվող խորհրդանիշներից ու տարբերանշաններից, և պահպանել օրենքով սահմանված կարգավորումները։

Հիշեցնենք, որ այս կիրակի ՀՀ 12 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, 10-ում՝ համամասնական, 2-ում մեծամասնական ընտրակարգով։

Leave a comment