Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան

Քաղաքականություն

27.11.2026 | 16:55

«Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով վատանում են, իսկ հնարավոր տնտեսական հետևանքների գինը վճարելու է քաղաքացին». լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հայկական ապրանքների սահմանափակումների հարցով Եվրասիական դատարան դիմելը ոչ թե խնդրի լուծման, այլ հարաբերությունների հետագա սրման կարող է հանգեցնել։ Մանուկյանը մտահոգություն հայտնեց նաև գազի հնարավոր թանկացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի տնտեսությունն այս փուլում պատրաստ չէ նման հարվածի։

Անդրադառնալով Սահմանադրության նախագծին՝ պատգամավորը այն որակեց ժողովրդավարության և քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված փաստաթուղթ։ Նրա գնահատմամբ՝ նախագծով իշխանությունը կարող է սահմանափակել կուսակցությունների գործունեությունը և կամայականորեն զրկել մարդկանց քաղաքացիությունից։ Նա ընդգծեց, որ վտանգը միայն ընդդիմադիր ուժերին չի վերաբերում, այլ կարող է տարածվել բոլոր քաղաքացիների և լրատվամիջոցների վրա։

Մանուկյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանին Սահմանադրության նախագիծը փոխանցելու խնդրին։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր առաջնորդներին հնարավորություն չի տրվում լիարժեք շփվել իրենց թիմերի հետ, իսկ Քոչարյանին փաստաթուղթը փոխանցելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները հարցեր են բարձրացնում՝ արդյոք նա կարողանում է հայերեն կարդալ։ Մանուկյանը նման մոտեցումը որակեց անլուրջ։

Պատգամավորը նշեց, որ իրենց դաշինքը ընտրություններին մասնակցել է Սահմանադրությունը չփոխելու օրակարգով և մտադիր է հավատարիմ մնալ ընտրողներին տված խոստմանը։ Նա նախագծի ընդունման գործընթացը կապել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

Leave a comment