Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Շվեյցարիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ Քննարկումներ են ընթանում հաջորդ՝ 2027 թվականի նախագահողի հարցի շուրջ, տարբեր առաջարկներ են ներկայացվում։ Հաշվի առնելով ԵԱՀԿ տարածքում բավականին լարված իրավիճակը՝ դեռևս չի հաջողվել առաջադրել բոլորի համար ընդունելի թեկնածուիլ»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումն այն է եղել, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է աջակցել կոնսենսուսային ցանկացած թեկնածուի և այդ ուղղությամբ սեփական նախաձեռնությամբ հանդես չի եկել։
«Սակայն դեկտեմբերի 3-4-ը շվեյցարական Լուգանո քաղաքում կայանալիք նախարարական խորհրդի նիստին մնացել է քիչ ժամանակ, և թե՛ գործող նախագահողը, թե՛ մյուս մասնակիցները ժամանակի սղություն են զգում։ Վերջին շաբաթներին խորհրդակցություններն ավելի ինտենսիվ են դարձել, և այլընտրանքային առաջարկներ են ներկայացվել։ Այդ տարբերակների թվում մեր երկրին ևս առաջարկվել է դիտարկել սեփական թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, և հետաքրքրվել մեր դիրքորոշման վերաբերյալ այդ ամենի վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթների քննարկումների ընթացքում ի հայտ եկած նոր մոտեցումն այն է, որ կոնսենսուսի հասնելու և գործընթացը հնարավորինս դյուրացնելու նպատակով նախագահող երկրներին առաջարկվի ոչ թե մեկ առանձին տարվա, այլ 2027-2029 թվականների փաթեթով։
«Այդ փաթեթի շրջանակում առաջարկ է եկել նաև մեզ, և մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Հաշվի առնելով ստեղծված բավականին բարդ իրավիճակը՝ Ադրբեջանը պատրաստ է դրական ներդրում ունենալ կազմակերպության ապագայի գործում։ Ավելին՝ նշեմ, որ այդ փաթեթի շրջանակում նախնական առաջարկն արվել է հենց Ադրբեջանին։ Հետագայում ավելացվել են նաև այլ գաղափարներ, այդ թվում՝ Հայաստանի մասնակցության և թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի՝ փաթեթում ընդգրկվելու տարբերակը»,- նշել է ադրբեջանցի նախարարը։
Բայրամովը հիշեցրել է, որ երկու երկրները երկար տարիներ հակամարտության մեջ են եղել, և ԵԱՀԿ նախագահության համատեքստում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի թեկնածությունները նախկինում նույնիսկ չեն քննարկվել, քանի որ ակնհայտ էր՝ կողմերից ոչ մեկը չէր համաձայնի մյուսի նախագահությանը։
«Հետևաբար, նման քննարկումներ չէին էլ ընթանում։ Այժմ մեր երկիրը ևս դիտարկվում է այդ փաթեթի շրջանակում։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք վերաբերվում այս առաջարկին՝ իհարկե, կոնսենսուսի հասնելու պայմանով։ Խորհրդակցությունները շարունակվում են բավականին ինտենսիվ կերպով»,- եզրափակել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Human Rights House Foundation-ը և քաղաքացիական հասարակության 45 միջազգային կազմակերպություններ կոչ էին արել ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ արգելափակել Ադրբեջանի հնարավոր նախագահությունը 2027 թվականին։