Պատմական Հայաստանից մինչև միջազգայնորեն ճանաչված տարածք․ Սահմանադրության նախաբանը՝ 90-ականներից մինչև մեր օրեր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպե՞ս է առաջացել Սահմանադրությունում նախաբանի տեքստը 1995 թվականին, որը այսօր փոփոխելու նպատակ կա, ի՞նչ առավել արմատական առաջարկներ են ներկայացրել այն ժամանակվա քաղաքական ուժերը։
Իսկ մինչ այդ․ Գործող Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005 (բացարձակ նախագահական համակարգից անցում՝ կիսանախագահական համակարգի) և 2015 թվականին (կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանական համակարգի) և բոլոր տարբերակում էլ նախաբանը չի վերանայվել։
Այսօր ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը՝ հենց նախաբանի փոփոխության պատճառով, և չի ներկայացնում այլընտրանքային տարբերակ, մինչդեռ 1993 թվականի ամռանը, երբ Գերագույն խորհրդի որոշմամբ հրապարակվել էր Սահմանադրական հանձնաժողովի կազմած Սահմանադրության պաշտոնական նախագծը, այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը ներկայացրել էին Սահմանադրութայն իրենց այլընտրանքային տարբերակները, որոնցում առկա նախաբանները աչքի էին ընկնում ազգային իղձերի առավել արմատական ձևակերպումներով։ Արդյուքնում իշխանություն-ընդդիմություն առանց այն էլ խորը առճակատումը սկսել էր ձեռք բերել առավել սուր բնույթ։
Այսպիսով, ինչպիսինն էին ընդդիմադիրները Սահմանադրության նախաբանը տեսնում իրենց առաջարկած նախագծերում. ՀՌԱԿ՝ շեշտվում էր «կորսված անկախ պետականությունը պատմական Հայաստանի մի մասում վերականգնելու վճռականությունը», «Ընդդիմադիր վեցյակը» (ՀՅԴ, ՀՌԱԿ, ՍԻՄ, ՀԴԿ, ՀՀԿ,ՀԱԺԿ )՝ «համայն հայության ազատ, անկախ և միացյալ Հայաստանում համախմբվելու նվիրական իղձը», իսկ ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը շեշտում «Աստծո կամքով Հայաստանի տասներորդ մասում անկախ պետականությունը վերկանգնելու» մասին։
Բոլոր այս ծայրահեղ ձևակերպումների փոխարեն և որպես ընդհանուր մոտեցում ընտրվել է պարզապես հղում տալը Անկախության Հռչակագրին, որտեղ միայն ընդգծվում էր, որ Սահմանադրության ընդունման համար հիմք է ընդունվել 1990 թվականի Անկախության մասին հռչակագրում «հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։
1995 թվականի Սահմանադրության Նախաբան
Հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
2026 թվական նոր Սահմանադրության առաջարկվող նախաբան
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Ըստ երևույթին՝ արդեն Սահմանադրության նախագծի նախաբանը եղել է ընդդիմություն-իշխանություն փոխհամաձայնեցված կետերից մեկը։ 1994 թվականի հոկտեմբերի 8-ին ընդլայնված սահմանադրական հանձնաժողովը Սահմանադրության նախաբանին վերաբերող լայն քննարկումների արդյունքում 19 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության նախաբանի այն նախագիծը, որը հետագայում, միայն փոքր խմբագրական փոփոխություններով, ներառվեց 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրության վերջնական տեքստի մեջ։
Նկատելի է, որ առաջարկվող տարբերակներում առկա էին տարածքային նկրտումներ, ինչն, ըստ էության, բխում էր Արցախյան հակամարտության տրամաբանությունից և իղձերը տարածում մինչև պատմական Հայաստան։
1993 թվականին ներքաղաքական օրակարգին, որը ձևավորվել էր Արցախյան պատերազմի, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի ֆոնին, ավելացել էր նաև սահմանադրության հետ կապված հարցը։ Հիմնական քննարկումները կենտրոնացած էին երկրի կառավարման մոդելի շուրջ։ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) իշխանությունն ու որոշ իշխանամետ քաղաքական ուժեր համոզված էին, որ Հայաստանը պետք է ունենար նախագահական կառավարման ձև, մինչդեռ կենտրոնամետ ու ձախ դիրքերից հանդես եկող ընդդիմադիր բլոկը առավել հակված էր խորհրդարանական համակարգ ձևավորել։ Արդյունքում ընդդիմադիր հինգ կուսակցություններ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (ՀԴԿ), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Սահմանադրական իրավունք միությանը (ՍԻՄ) հուլիսի 16-ին ձևավորել էին Քաղաքացիական համաձայնության Սահմանադրական խորհուրդը, որին ավելի ուշ միացել էր նաև Հայաստանի Ագրարային ժողովրդավարական կուսակցությունը (ՀԱԺԿ)։ Այս ուժերը արդեն սեպտեմբերի սկզբին հրապարակել էին իրենց համատեղ այլընտրանքային Սահմանադրության նախագիծը՝ նախապատվությունը հստակ տալով խորհրդարանական կառավարման համակարգին։ Սա կոչվեց «վեցյակի» տարբերակ։
Միևնույն ժամանակ ընդգծենք, որ դեռ հունիսին հրապարակվել էր ՀՅԴ-ի Սահմանադրության առանձին նախագիծը, իսկ օգոստոսին՝ ՀՌԱԿ-ի և ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի տարբերակները։ Առաջինի դեպքում ենթադրվում էր խորհրդանական կառավարման համակարգ, երկրորդի դեպքում, չնայած իշխանամետ չլինելուն, առաջարկվում էր նախագահական, իսկ Գաբրիելյանի նախագծով ընդհանրապես դիտարկվում էր դաշնային պետության (Հայաստանի Դաշնակցային Հանրապետություն) ձևավորում, որը պետք է բաղկացած լիներ Աշխարհ կոչվող հինգ ֆեդերալ միավորներից՝ Այրարատ, Գեղարքունիք, Գուգարք, Սյունիք և Շիրակ։
Այնուամենայնիվ, արդեն 1993 թվականի աշնանը ակնհայտ էր, որ պայքարը ընթանում էր Սահմանադրական հանձնաժողովի և ընդդիմադիր «վեցյակի» տարբերակների միջև։ Չնայած 1994 թվականի ապրիլին ԳԽ-ում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր հանրաքվեի ներկայացնել երկու տարբերակները, այնուամենայնիվ դա տեղի չունեցավ։ Փոխարենը հունիսի 1-ին ԳԽ-ն որոշեց ընդլայնել Սահմանադրական հանձնաժողովի կազմը՝ դրանում ընդգրկելով նաև ընդդիմադիրներին։ Ապագա Սահմանադրության կազմման համար որպես հիմք որոշվել էր ընդունել պաշտոնական տարբերակը։
Սակայն, ակնհայտ էր, որ հակասությունները միայն երկրի կառավարման համակարգի շուրջ տեսակետների հակադրություններով չէին սահմանափակվում։ Առկա էին նաև առաջարկվող նախագծերի նախաբանների խորքային տարբերություններ։ Իշխանության առաջարկած տարբերակում նկատելի է, որ փորձ էր կատարվել առավել չափավոր լինել ազգային հիմնահարցեր արտացոլող ձևակերպումների ներդրման ու կուսակցական գաղափարներից բխած շեշտադրումների հարցում։
Բորիս Ղազարյան