Քաղաքականություն
27.11.2026 | 16:31
Հայաստանի եվրոպական ձգտումների և Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության հարցերը կքննարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորը, իհարկե, օրակարգում կլինի այն հարցը, թե ինչ ընտրություն է կատարում հայկական կողմը։ Արդյո՞ք այն կկատարվի, ե՞րբ կկատարվի և ի՞նչ ձևով։ Բացի այդ, կան նաև անվտանգության հարցեր։ Անկասկած, կքննարկվի նաև մեր ռազմաբազայի հարցը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Խոսելով ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության հարցում Երևանի դիրքորոշումը հստակեցնելու անհրաժեշտության մասին՝ Պեսկովը նշել է, որ «տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա միաժամանակ նստելու ցանկությունը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի որոշում կայացնելու միջոցով, քանի որ Եվրամիության ուղղությամբ կողմնորոշվելը և միաժամանակ ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն»։
Նա նաև նշել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան «տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է և, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետն այս հարցի վերաբերյալ»։
Ընդհանուր առմամբ, Պեսկովի խոսքով՝ բանակցությունների օրակարգը բավականին հագեցած կլինի։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այս այցը «բավական վաղուց էր համաձայնեցվել»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ իր այցը Մոսկվա նախատեսված է դեկտեմբերի 3-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի