Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտնել է, որ առաջադրվելու մասին հայտարարությունից հետո ֆեյսբուքյան էջը կազմակերպված հարձակման է ենթարկվել։
Նա հայտարարել է, որ նման գործողություններն իրեն չեն կանգնեցնի, հայտնում է Արմենպրեսը:
«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։
Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։ Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։
Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։ Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։
Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։ Առջևում կարևոր աշխատանք կա»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրը։
Օրեր առաջ բազմաթիվ օգտատերեր ահազանգում էին, որ Դենիս Ջորկաեֆը արգելափակել է իրենց Ֆեյսբուքում:
ՀՖՖ նախագահի պաշտոնում Դենիս Ջորկաեֆին առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։ Ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնին հավակնում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, որին առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 21-ին։