Դատարանը չի կարճել Իշխան Սաղաթելյանի գործը

Հասարակություն

Դատարանը չի կարճել Իշխան Սաղաթելյանի գործը

Հակակոռուպցիոն դատարանը չի կարճել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ քննվող քաղաքացիական գործի վարույթը։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից և Լիանա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 264.516.668 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 2.914.583 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւբռնագանձել: Ընդհանուր հայցագինը կազմում է 267.431.251 ՀՀ դրամ:

Գործի վարույթը կարճելու միջնորդության համար հիմք էր հանդիսացել պատգամավորական անձեռնմխելիությունը։

« 2026 թվականի հունվարի 13-ին, այսինքն՝ հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը տասնյոթ օր առաջ, Իշխան Սաղաթելյանը հրապարակային ասուլիսում հայտարարել է, որ ՀՅԴ-ն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով»,- դատարան ներկայացված միջնորդության ժամանակ նշել է պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

Այսինքն՝ հայցադիմումը դատարան ներկայացվել է այն ժամանակահատվածում, երբ պատասխանողը ոչ միայն հանդիսանում էր գործող ընդդիմադիր պատգամավոր, այլեւ հրապարակայնորեն հանդես էր եկել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշինքի ձևավորման և գործող իշխանության փոփոխության օրակարգով։ Իսկ հայցադիմումն ունի քաղաքական հետապնդման միտում։

Փոխարենը դատավոր Աշխեն Ղարսլյանը նշել է, որ վարույթում չի կարող գործել պաշտոնեական կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիությունը: Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը կիրառելի չէ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նկատմամբ:

Ինչ վերաբերում է միջնորդության հիմքում դրված այն փաստարկին, որ գործով քննարկվող վարույթը հետապնդում է այլ իրական նպատակ, դատարանը նշել է, որ պատասխանողի փաստարկները բացառապես կառուցված են՝ հիմքում ունենալով հայցը եւ հայցվորի վարքագիծը, մինչդեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը ներառում է նաև համապատասխան հայցապահանջի քննությունը դատարանում և ինչպես ընդգծել է Եվրոպական դատարանը, բռնագանձում կարող է իրականացվել այն գումարով կամ այն գույքի վերաբերյալ, որն ըստ դատարանի, չի հիմնավորվել շահագրգիռ անձի օրինական եկամուտներով։ «Գործով հայցվորը կրելու է հայցի առարկայում ներառված գույքի բռնագանձումը՝ հայցի հիմքում դրված կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ հետապնդելու փաստի ապացուցման պարտականություն, հետևաբար պատասխանողի ներկայացուցչի բարձրացված փաստարկներին սույն վարույթի նպատակի հիմնավորման տեսանկյունից հնարավոր է անդրադառնալ գործի ըստ էության քննության արդյունքում»,- նշել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավորը։

Դատական նիստը կշարունակվի 2027 թ․ հունվարի 19-ին։

Leave a comment