Փարիզի վերաքննիչ դատարանը հինգշաբթի որոշել է հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի նկատմամբ դատավարություն անցկացնել՝ 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Առնուի ենթադրյալ բռնաբարության գործով։
Դեպքի ժամանակ 22-ամյա Առնուն բռնաբարության մասին հաղորդում է ներկայացրել Դեպարդյեի փարիզյան առանձնատուն այցելելուց մի քանի օր անց։ Նա դերասանի տուն է գնացել թատերական ներկայացման փորձ անցկացնելու նպատակով, հայտնում է BBC-ն:
Առնուն հրաժարվել է իր անձի գաղտնիությունը պահպանելու իրավունքից։ Նրա փաստաբանը հինգշաբթի հայտարարել է, որ Դեպարդյեի առաջիկա դատավարությունը պատմական նշանակություն կունենա։
Դերասանուհին 77-ամյա Դեպարդյեին մեղադրում է բռնաբարության երկու դրվագով։ Դերասանը հերքում է երկու մեղադրանքներն էլ։ Դեռևս 2023 թվականին ֆրանսիական Le Figaro պարբերականում հրապարակված բաց նամակում նա պնդել է, որ Առնուի հետ հարաբերություններում որևէ հարկադրանք կամ բռնություն չի եղել։
Ժերար Դեպարդյեն տասնամյակներ շարունակ համարվել է ֆրանսիական և համաշխարհային կինոյի ամենանշանավոր դերասաններից մեկը։ Ֆրանսիական կինոարվեստում ունեցած վաստակի համար մոտ 30 տարի առաջ նա արժանացել է Պատվավոր լեգեոնի շքանշանի։
Սակայն վերջին տարիներին #MeToo շարժման ալիքի ներքո, որը Ֆրանսիայում ստացել է balance ton porc («մերկացրու այդ խոզին») անվանումը, մի շարք կանայք Դեպարդյեին մեղադրել են նկարահանման հրապարակներում կամ այլ պայմաններում սեռական բնույթի բռնություն գործադրելու համար։
Անցյալ տարի դերասանը դատապարտվել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ 2021 թվականին Փարիզում «Կանաչ փեղկեր» (Les Volets Verts) ֆիլմի նկարահանումների ընթացքում երկու կանանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դեպարդյեն ընդգրկվել է սեռական բնույթի իրավախախտումներ կատարած անձանց ռեեստրում և պարտավորվել փոխհատուցում վճարել։ Անցած շաբաթ նա հետ է վերցրել դատավճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքն ու հայցվորներից «անկեղծ ներողություն» խնդրել։
Դեպարդյեն ընկերական հարաբերություններ է ունեցել Շառլոտ Առնուի հոր հետ։ 2018 թվականի օգոստոսի 7-ին երիտասարդ դերասանուհին այցելել է Դեպարդյեի փարիզյան առանձնատուն։ Դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների զգալի մասն արձանագրվել է առանձնատանը տեղադրված տեսահսկման տեսախցիկներով։
Սկզբում Առնուի հայցը մերժվել է ապացույցների անբավարարության պատճառով։ Սակայն դերասանուհին բողոք է ներկայացրել, ինչի արդյունքում 2020 թվականի ամռանը գործով պաշտոնական հետաքննություն է սկսվել։
Առնուի փաստաբան Կարին Դյուրիե-Դյեբոլը դատարանի մոտ լրագրողներին հայտնել է, որ վերաքննիչ ատյանում արձանագրված հաջողությունից հետո իր պաշտպանյալը «իսկական թեթևություն» է զգում։
Միաժամանակ վերաքննիչ դատարանն Առնուի ներկայացրած երկու մեղադրանքների վերաբերյալ տարբեր որոշումներ է կայացրել։ Օգոստոսի 7-ի ենթադրյալ բռնաբարության դրվագով Դեպարդյեն կկանգնի դատարանի առաջ, սակայն վեց օր անց հյուրանոցում տեղի ունեցած ենթադրյալ բռնաբարության մեղադրանքով նա չի դատվի։
Դեպարդյեի փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշումը մասամբ կայացվել է իր պաշտպանյալի օգտին։ Նա նաև չի բացառել դատական հաջորդ ատյանում որոշումը բողոքարկելու հնարավորությունը։
Ժերար Դեպարդյեն գրող Միշել Ուելբեքի հետ ներգրավված է նաև մեկ այլ գործով, որը վերաբերում է «սեռական բնույթի մեղադրանքներին»։ Անցած շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են ֆրանսիական մամուլի տեղեկություններն այն մասին, որ հետաքննվում են դերասանուհիներից մեկի ներկայացրած մեղադրանքները։ Նրա անունը պաշտոնապես չի հրապարակվում, թեև հնարավոր է հեշտությամբ պարզել նրա ինքնությունը։
Դեպարդյեին և Ուելբեքին «խմբակային բռնաբարության» մեջ մեղադրում է դերասանուհին, որը նրանց հետ նկարահանվել է 2018 թվականի Thalasso («Սպա») ֆիլմում։