Վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանի ռոբոտաշինության շուկայում առնվազն 29 ընկերություն դադարեցրել է գործունեությունը․ դրանք սնանկացել են, լուծարվել կամ ամբողջությամբ դադարեցրել աշխատանքը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ փակված ընկերությունների թվում եղել են ստարտափներ, որոնք ներգրավել էին հարյուրավոր միլիոն յուանի ներդրումներ, ստացել խոշոր կորպորացիաների և հայտնի վենչուրային հիմնադրամների աջակցությունը, իսկ որոշներն անգամ հավակնում էին «միաեղջյուր» ընկերության կարգավիճակին։ Սակայն ներդրումային կապիտալն ու տեխնոլոգիական հավակնությունները չեն օգնել ընկերություններին ձևավորել կայուն բիզնես մոդել։ Դրանք բախվել են ռոբոտների ներդրման դժվարություններին, նախագծերի իրականացման ժամկետների խախտումներին, դատական վեճերին և ֆինանսական միջոցների պակասին։
Որպես օրինակ՝ պարբերականը ներկայացրել է Yinghe Robotics ընկերության դեպքը, որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ստարտափը ներգրավել է շուրջ 800 միլիոն յուանի (մոտ 119 միլիոն դոլար) ներդրումներ, իսկ դրա գնահատված արժեքը 2020 թվականի հոկտեմբերին հասել է 500 միլիոն դոլարի։ Այնուամենայնիվ, ընկերությանը չի հաջողվել հաջողությամբ ավարտին հասցնել մի շարք խոշոր նախագծեր։ Արդյունքում այն առնվազն 63 աշխատակցի աշխատավարձ է պարտք մնացել՝ ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիոն յուանի (մոտ 746 հազար դոլար) չափով, իսկ 2026 թվականին սկսել է սնանկության գործընթացը։
Նմանատիպ դժվարությունների են բախվել նաև շուկայի մյուս մասնակիցները։ Որոշ ընկերությունների չի հաջողվել ձևավորել վաճառքի կայուն և մասշտաբային մոդել, մյուսները բախվել են ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխման կամ պատվիրատուների կողմից վճարումների ուշացման խնդիրներին։
Անցյալ տարվա նոյեմբերին ՉԺՀ Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Չաոն հայտարարել էր, որ չինական մարդանման ռոբոտների շուկայում գործում է ավելի քան 150 ընկերություն, ինչի հետևանքով կա միատեսակ արտադրանքով շուկայի գերհագեցման վտանգ։ Նրա խոսքով՝ կոմիտեն աշխատելու է ոլորտային չափորոշիչների և գնահատման համակարգերի ներդրման ուղղությամբ՝ կատարելագործելով ոլորտ մուտք գործելու և այնտեղից դուրս գալու մեխանիզմները՝ արդար մրցակցային միջավայր ձևավորելու նպատակով։
Ռոբոտաշինության ոլորտը, հատկապես մարդանման ռոբոտների ստեղծման ուղղությունը, Չինաստանում ակտիվ զարգացում է ապրում։ 2025 թվականին Շանհայում բացվել է Չինաստանում առաջին՝ մարդանման ռոբոտների վարժեցման կենտրոնը։ Իսկ սեպտեմբերին Պեկինում սկսել է գործել ռոբոտների «մանկապարտեզը», որտեղ հետազոտողները ուսումնասիրում են դրանց ուսուցման այլընտրանքային մոտեցումները։
Չինաստանի ռոբոտաշինության ոլորտում ներդրումային սպասումների և իրական պահանջարկի միջև զգալի խզում է առաջացել։ Չնայած պետական լայնածավալ աջակցությանը՝ մարդանման ռոբոտները դեռևս պատրաստ չեն արտադրության մեջ զանգվածային կիրառման․ նրանց պակասում են շարժումների ճշգրտությունը, հուսալիությունն ու անծանոթ առաջադրանքներ կատարելու կարողությունը։
Reuters-ի տվյալներով՝ 2025 թվականին չինական ընկերություններին բաժին է ընկել աշխարհում մարդանման ռոբոտների մատակարարումների շուրջ 95%-ը՝ մոտ 20 հազար սարք։ Սակայն այդ սարքերի զգալի մասն օգտագործվում է հետազոտությունների և փորձարկումների, ոչ թե առևտրային նպատակներով։ Միևնույն ժամանակ, երկրում մարդանման ռոբոտների արտադրությամբ զբաղվում է ավելի քան 150 ընկերություն, ինչն էլ ավելի է սրում պատվիրատուների և ներդրումների համար մրցակցությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։