Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց

Նոյեմբերի 25-ի երեկոյան Վարշավայի կենտրոնում երիտասարդ տղամարդն է ինքնահրկիզվել։ Դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի մշակույթի նախարարության շենքի մոտ, որը գտնվում է նախագահական պալատի դիմաց՝ փողոցի մյուս կողմում։ Տղամարդն իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել և այրել իրեն։ Նրան առաջինն օգնության են հասել անցորդները․ նրանցից մեկը կրակմարիչով մարել է կրակը։ Մոտակայքում հերթապահող Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանչել են հրշեջներին և շտապօգնություն, հայտնում է Fakt պարբերականը։

Տուժածը հոսպիտալացվել է։ Նա դեմքի, մեջքի, ոտքերի և ձեռքերի, ինչպես նաև վերին շնչուղիների ծանր այրվածքներ է ստացել։ Այժմ նա գտնվում է Վարշավայի Ռազմաբժշկական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում։ Քաղաքային Miejski Reporter պարբերականի տվյալներով՝ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարությունը հայտնել է, որ տուժածը Ուկրաինայի 22-ամյա քաղաքացի է։ Սենատոր Գժեգոժ Սխետինան, հղում անելով նախարարությանը, հավելել է, որ երիտասարդն ունի «Լեհի քարտ»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արդեն կապ է հաստատել նրա մոր հետ։

Տուժածի դրդապատճառները դեռևս հստակ հայտնի չեն։ Super Express պարբերականը հայտնել է, որ նրա արարքը կարող էր բողոքի բնույթ կրել։ Fakt-ը պնդել է, որ տղամարդն այդ կերպ իբր բողոքել է Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ խտրականության դեմ։

«Նա պահանջում էր, որ Լեհաստանում Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը լինի նույնը, ինչ լեհերի նկատմամբ։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ եղել է պաստառ կամ թղթի թերթիկ, որի վրա, հավանաբար, շարադրել էր իր բողոքի պատճառները։ Այդ ուղերձի հստակ բովանդակությունը դեռևս հայտնի չէ»,- գրել է պարբերականը։

Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան Euronews-ի լեհական խմբագրությանը հայտարարել է, որ դրդապատճառների մասին դատելը դեռ վաղ է։

Լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո Լեհաստանը ուկրաինացի փախստականներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու ավելի քան երկու միլիոն որոշում է կայացրել՝ ավելի շատ, քան ԵՄ որևէ այլ երկիր։ Միաժամանակ, ներկայում ժամանակավոր պաշտպանություն ունեցող ուկրաինացիների թվով Լեհաստանը զիջում է Գերմանիային։

Վերջին տարիներին լեհական հասարակությունում արձանագրվում է հակաուկրաինական տրամադրությունների աճ, իսկ ոստիկանությունն ավելի շատ հաղորդումներ է ստանում ուկրաինացիների նկատմամբ ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների վերաբերյալ։ 2026 թվականի ամռանը Լեհաստանում անցկացվել է փողոցային ակցիաների շարք՝ ընդդեմ Ուկրաինայից ժամանած անձանց նկատմամբ ագրեսիայի։

Վարշավայում տեղի ունեցած ինքնահրկիզման կապն այս միտումների հետ պաշտոնապես չի հաստատվել։ Տուժածն առայժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու։

Leave a comment