Գայլերի օղակում

Վերջին հինգ տարիների իրադարձություններից ելնելով՝ կարելի է հաստատապես ասել, որ Արևմուտքի հետ զիջումների խաղում մեր վարչապետը վստահորեն հաղթում է՝ Հայաստանը խոր ճգնաժամի մեջ գցելով և հասարակությունը պառակտելով։ Այդպես է լինում, երբ հավասարակշռում ես երկու աթոռի արանքում՝ անձնական հավակնությունների և առողջ բանականության միջև։

Քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանը զիջում էր Հայաստանի դիրքերը՝ շքեղաբանորեն հայտարարելով «մեր անկախությունն ամրապնդելու, համախմբելու և զարգացնելու» մտադրության մասին, վարելով «հավասարակշռության որոնման վրա հիմնված հավասարակշռված արտաքին քաղաքականություն» և ակտիվորեն զարգացնելով ռազմական համագործակցությունը Եվրոպայի երկրների հետ։ Իսկ անցյալ տարի մեր քաջարի խորհրդարանականները, ի հաճույս Արևմուտքի, ընդունեցին հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Իսկ, հարց է ծագում, ո՞վ էր մեզ այնտեղ կանչում, Հայաստանում այդ հարցով հանրաքվե եղե՞լ է, և արդյոք մենք պե՞տք ենք ԵՄ-ին, որի հետ ընդհանուր սահման անգամ չունենք։ Ինչի՞ն էին պետք այդ մանևրները։

Այսօր Եվրամիության ուղղությամբ շարժումը դադարի մեջ է, իսկ Փաշինյանն ինքը ստիպված է հասարակության առջև խուսանավել։ Պարզվում է՝ այժմ Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն այլևս ոչ թե ԵՄ-ին անդամակցելն է, այլ, նրա խոսքով, «այլընտրանքներ առաջարկելը»։ Ի՞նչ այլընտրանքներ։ Էլ ի՜նչ այլընտրանքներ կարող է ունենալ քրիստոնյա Հայաստանը, եթե նրա չորս հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան, իսլամ են դավանում և իրենց բնույթով ռազմատենչ են։ Ի՞նչ անի փոքրիկ Հայաստանն այսպիսի պայմաններում։ Գնա նրանց առջև գլուխ խոնարհելո՞ւ՝ ջնջելով մեր ժողովրդի հերոսական ու ողբերգական պատմությունը։

2021-ին Երևանը նույնիսկ հաշտեցման հայտարարություններ փոխանակեց Անկարայի հետ։ Իսկ Փաշինյանի կուսակցության համար հաջող հունիսյան ընտրություններից հետո վարչապետը գնալով ավելի հաճախ սկսեց խոսել հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում, Թուրքիան ոչ միայն ինքը մինչ օրս չի դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, այլև գտնում է, որ հենց մենք պետք է հրաժարվենք ցեղասպանության ճանաչումից։ Ահա և խզման կետը, որը մեր վարչապետը նախընտրեց շրջանցել։ Իբր՝ ինչո՞ւ հին բաները հիշել, ամեն ինչ էլ լինում է։

Մինչդեռ, տարբեր գնահատականներով, մինչև 1915 թվականը Օսմանյան կայսրությունում ապրում էր 2-ից 4 միլիոն հայ։ Նրանցից 1915–1918 թվականներին բնաջնջվեց 1-ից 1,5 միլիոնը։ Փրկվածները զանգվածաբար փախուստի դիմեցին։ Եվ քանի դեռ Թուրքիան չի զղջացել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մեր երկրի բնակիչները վստահ չեն, որ պատմությունը չի կրկնվի։ Սա Հայաստանի համար գենետիկորեն ցավոտ թեմա է, և այն չի կարող սակարկության առարկա դառնալ հավակնոտ քաղաքական գործիչների քաղաքական շահաբաժինների համար։

Հասկանալի է, որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքի բերումով ստիպված է դաշնակիցներ փնտրել։ Չէ՞ որ մենք չենք կարող ապրել քաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ՝ Դամոկլյան սրի ներքո, հատկապես մեր վարչապետի զիջումների խաղից հետո։ Սակայն պետք է հասկանալ, որ Թուրքիան, որքան էլ մեր վարչապետը ձգտի մերձեցման, չի կորցրել իր օսմանյան հավակնությունները և փորձում է պայմաններ ստեղծել նորացված կայսրություն կառուցելու համար։ Առայժմ, որքան էլ զարմանալի է, նրան խոչընդոտում է Ադրբեջանը։ Գրավելով Արցախը (ոչ առանց Թուրքիայի օգնության) և խլելով մեր մի քանի շրջաններ, որոնց համար մղված մարտերում զոհվեց շուրջ 4 հազար հայ, Բաքուն իրեն տարածաշրջանային հեգեմոն զգաց։ Ավելին, Ադրբեջանի հավակնությունները սկսեցին հակասության մեջ մտնել Էրդողանի՝ բոլոր թյուրքական տարածաշրջանները Թուրքիայի հովանու ներքո միավորելու ծրագրերի հետ։ Ալիևը լրջորեն որոշեց, որ այժմ ինքն է Անդրկովկասում գլխավորը, այլևս Անկարայի օգնության կարիքը չունի, և մտադրվեց ինքը որոշել Հայաստանի ճակատագիրը։

Ճիշտ է, Բաքվի և Անկարայի միջև հակասությունները հայերին ոչ մի առավելություն չեն խոստանում։ Չէ՞ որ մեր վարչապետի համար միևնույն է, թե ում առջև խոնարհվել՝ Էրդողանի, թե Ալիևի։ Փաշինյանը հայտարարում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով մենք չունենք ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ»։ Նրա տրամաբանությամբ՝ գուցե ամբողջ Հայաստանը պետք է հանձնել արյունարբու զավթիչների՞ն։ Այդ դեպքում հայերի համար համաշխարհային խաղաղությո՞ւն կհաստատվի։

Ա՜խ, այո։ Մեր տարածաշրջանում կա ևս մեկ «մութ ձի»՝ Իսրայելը։ CNN հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թել Ավիվը Իրանի դեմ պատերազմում օգտվել է Ադրբեջանում տեղակայված իր ուժերից։ Միջոցների զինանոցում են Իրանի տեղաշարժերի և ռազմական օբյեկտների մասին հետախուզական տվյալների հավաքագրումը, իրանական հրթիռների արձակումների մասին վաղ նախազգուշացման ապահովումը և այլն։ Այնպես որ Թեհրանը ոչ առանց հիմքի կասկածում է սանձարձակված Բաքվին Թել Ավիվին գաղտնի օգնություն ցույց տալու մեջ։ Ի դեպ, ադրբեջանա-իսրայելական այդպիսի համագործակցությունը խիստ գրգռում է նաև Թուրքիային, որն այդտեղ տեսնում է իր շահերի լուրջ ոտնահարում։ Իսկ դրանք պաշտպանելու համար Անկարան պատրաստ է իսկապես կռվել։

Եվ այս ամենը տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ։ Ըստ էության, մենք եթե ոչ թշնամիների, ապա գայլերի օղակում ենք։ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից լիակատար խզման դեպքում մենք չենք ունենա ո՛չ ուժ, ո՛չ էլ հնարավորություններ՝ վարելու մեր «հավասարակշռված» քաղաքականությունը և «ամրապնդելու մեր անկախությունը»։ Քանզի ոչ մի անկախություն էլ չի լինի։

Այս աշխարհաքաղաքական զիջումների խաղում հավասարակշռություն չկա և չի կարող լինել։ Կա միայն մաս առ մաս կուլ գնալու հեռանկար։

Քանի որ թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ Իսրայելին, և, ըստ էության, նաև Արևմուտքին Հայաստանի շահերը բացարձակապես անտարբեր են։ Նրանք ունեն իրենց նպատակները, որոնց ձգտում են՝ օգտագործելով հայ վարչապետի «լոյալությունը»։

Ս.Ս

  

 

Leave a comment