TRIPP-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում (PAN.am)

«TRIPP-ի զարգացման ընկերության» բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո Հայաստանում ընկերության գրանցմամբ պայմաններ կստեղծվեն գործնական գործունեություն ծավալելու համար։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում՝ բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի գործնական իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք արդեն իսկ այս երկուշաբթի օրը սկսեցինք TRIPP նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ մենք հիմա նաև ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներն ենք իրականացնում։ Այդ ամենն անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Երբ TRIPP-ի զարգացման ընկերությունն արդեն ամբողջական ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն և հնարավորինս ժամանակ քիչ կորցնենք»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ տնտեսական նշանակության և ֆինանսական ծավալների առումով TRIPP-ը Հայաստանի անկախության տարիների ամենախոշոր նախաձեռնություններից մեկն է։ Նա առանձնահատուկ նշանակություն է տվել նաև նախագծին զուգահեռ ակնկալվող գործընթացներին։

Անդրադառնալով ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկությունների հասանելիությանը՝ Փաշինյանը վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ ապահովելու աշխատանքների առավելագույն թափանցիկությունը։

«Այստեղ կարևոր է նաև, որ այն, ինչի մասին խոսել ենք, ամբողջը նաև հրապարակային գրավոր փաստաթղթերում արձանագրված է։ Կարծում եմ՝ սա ամենակարևորն է։ Մեր սկզբունքը եղել է դա և շարունակում է մնալ դա, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ աշխատելու ենք բացարձակապես թափանցիկ, որպեսզի լրացուցիչ հարցեր, մութ անկյուններ չմնան։ Այդ տրամաբանությունը նաև TRIPP-ի և մյուս դեպքերում մենք պետք է շարունակենք»,-ընդգծել է վարչապետը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է նախագծի վերաբերյալ իրանական կողմի մտահոգություններին և Երևանի ու Թեհրանի միջև ընթացող երկխոսությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք Իրանի գործնկերների հետ մշտական երխոսության մեջ ենք և TRIPP–ի հարցում էլ մենք մութ անկյուն չունենք»,– ասել է նա։

Կառավարության ղեկավարը վերահաստատել է նաև, որ նախագծի իրականացման շրջանակում որևէ ռազմական ներկայություն բացառվում է։

Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել էր, որ Թեհրանի սկզբունքային մոտեցումն այս հարցում մնացել է անփոփոխ։ Իրանական կողմը կողմնակից է Հարավային Կովկասում տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաղորդակցական ուղիների ապաշրջափակմանը, սակայն անհրաժեշտ է համարում հարևան և տարածաշրջանային պետությունների շահերի հաշվառումը։ Միաժամանակ Թեհրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորության որևէ փոփոխություն։

Նոյեմբերի 23-ին պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների համատեղ իրականացրած «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի գործնական իրականացման փուլի մեկնարկը։ Նախաձեռնության նպատակը տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցությունների զարգացումն է՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի սկզբունքների հիման վրա։

Leave a comment