ՀԴՄ կտրոնների քանակը 10 ամսում աճել է 23, իսկ հասույթները՝ 25 տոկոսով
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ՀԴՄ կտրոնների քանակը 10 ամսում աճել է 23 տոկոսով, իսկ հասույթները՝ 25 տոկոսով. «Բայց ավելի հետաքրքիր է անկանխիկի դինամիկան։ Անկանխիկ կտրոնների քանակի 60 տոկոսով աճ ունենք, հասույթների՝ 47 տոկոսով աճ։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ մինչ օրս իրականացրած բարեփոխումները, նաև քեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում են»։
ՊԵԿ նախագահը հրապարակել է նաև ՀԴՄ շրջանառության հետ կապված որոշ թվեր.
«ՀԴՄ շրջանառության մասով մոտավորապես 50 տոկոսին ենք հասել և անցել, այսինքն՝ կեսից ավելին անկանխիկ է տեղի ունենում, բայց եթե դրան գումարենք այլ հարթակներում իրականացվող առևտուրը, կարող է պարզվել՝ անկանխիկն ավելի մեծ է։ Բայց մանրածախում կեսն անցնում ենք արդեն»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, թե ինչ ծավալի փոփոխության մասին է խոսքը.
«Տարիներ առաջ խոսում էինք, բայց կասկածում, թե դա ինչքանով է հնարավոր։ Դա իրականություն է, հիմա մենք հաջորդ փուլ պետք է գնանք, որ անկանխիկում նույնպես անտեսանելի տեղեր չմնան։ Պարզ է, որ սա իսկապես հաջողության պատմություն է, որն անպայման պետք է զարգացնել»։