15 բնակարան Երևանում. ինչ հայտարարագրեր են ներկայացրել Աբովյանի թեկնածուները

Քաղաքականություն

15 բնակարան Երևանում. ինչ հայտարարագրեր են ներկայացրել Աբովյանի թեկնածուները

Աբովյանի համայնքապետի թեկնածուներից Էդուարդ Բաբայանը հայտարարագրել է Երևանում 15 բնակարան, որոնցից 13-ը՝ նույն շենքում։ Բաբայանը Աբովյանի ներկայիս ղեկավարն է, ԲՀԿ նախկին պատգամավորը և երկար տարիներ եղել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը։

Բաբայանը փաստաթուղթը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում ևս մեկ ժամկետով։ Նա Աբովյանը ղեկավարում է 2021 թվականի դեկտեմբերի 17-ից։

Դեկտեմբերի 13-ին Աբովյանում կանցկանվեն ՏԻՄ ընտրություններ։ Համայնքը ներառում է Աբովյան քաղաքը և 10 բնակավայր՝ Առինջը, Արամուսը, Բալահովիտը, Գեղաշենը, Գետարգելը, Կաթնաղբյուրը, Կամարիսը, Մայակովսկին, Պտղնին և Վերին Պտղնին։ Ընտրելու իրավունք ունի 67126 մարդ։

Պայքարում են չորս ուժ՝ «Ինքնիշխան Հայաստան», «Գործարար», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

 «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորող Բաբայանը նաև հայտարարագրել է Երևանում միանձնյա սեփականություն հանդիսացող 11 ավտոտնակ և Աբովյանում՝ մեկ հասարակական նշանակության շինություն։ Նրա շարժական գույքը երկու թանկարժեք ավտոմեքենա է՝ 2023 թվականի արտադրության Toyota LC և 2025 թվականի արտադրության Range Rover։

Թեկնածուներից Հովհաննես Աբրահամյան («Քաղաքացիական պայմանագիր») հայտարարագրել է միայն 2016 թվականի Hyundai Elantra։ Անշարժ գույք չունի։ Աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար։

Ռուբեն Բանուչյանը («Ինքնիշխան Հայաստան») ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել։ Աշխատում է «Մեդիա արհեստանոց 91» տեղեկատվական ՀԿ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

Արթուր Հարությունյանը («Քրիստոնեա-ժողովրդավարական») նույնպես գույք չի հայտարարագրել և, ըստ հայտարարագրի, ոչ մի տեղ չի աշխատում։

 

Leave a comment