ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2026 թվականի 4-րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465.9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։
Ինչու է դա կարևոր. Հատկացումն ուղղված է տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ այն պայմաններում, երբ հայկական գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ն ընդունող Ռուսաստանը մայիս-հունիս ամիսներից սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։
Հատկացվող միջոցների բաշխումն ու առանցքային ցուցանիշները.
-
Ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցություն (շուրջ 3.26 մլրդ դրամ).
-
Հատկացվող գումարի հիմնական մասն ուղղվում է ջերմատնային արտադրանքի արտահանման խթանմանը։
-
ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5,271.4 տոննա պղպեղ, 2,351.9 տոննա լոլիկ, 135.8 տոննա ելակ, ավելի քան 3.2 մլն հատ վարդ և այլն։
-
-
Արտահանման և մթերման մյուս ուղղությունները (շուրջ 1.2 մլրդ դրամ).
-
408.3 մլն դրամ կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։
-
794.6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը (ծրագրով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6,388 տոննա)։
-
-
Նախորդ վճարումների և շուկայի համատեքստը.
-
Հունիս–սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9.56 մլրդ դրամ, որից 8.2 մլրդ դրամն արդեն վճարվել է։
-
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսել էր սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ձուկն ու ծաղիկները, ապա՝ միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ, իսկ հունիսի 2-ից՝ նաև կորիզավոր մրգերը (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և խաղողը՝ պատճառաբանելով հայտնաբերված խախտումներն ու բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՌԴ-ին է բաժին ընկնում Հայաստանի գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ը։
-