Պատերազմ, հայրենասիրական մղումներ, հերոսական մահ. կայացավ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան

Պատերազմ, հայրենասիրական մղումներ, հերոսական մահ. կայացավ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պատերազմ, պայքար, հայրենասիրության ամենավառ դրսևորում. նոյեմբերի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, «Կինոմոսկվա»-ում կայացավ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է իրական փաստերի վրա և անդրադառնում է Մոնթե Մելքոնյանի կյանքի հետաքրքիր դրվագներին՝ մանկությունից մինչև կռվի դաշտ: Ներկայացվում է, թե ինչպես կարող է օտար հողում մեծացած հայը հայրենասիրությունից դրդված թողնել ապահով ու անհոգ կյանքը և սիրելիի հետ գալ հայրենիք՝ կանգնելու իր երկրի ու ժողովրդի կողքին և ստանձնելու առաջամարտիկի դերը:

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Ընկերության հիմնադիր Նոնո Սարգսյանը նշեց՝ շատ խոչընդոտներ են հաղթահարել, սակայն արդյունքի հասնել են։

Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է։ Նա ասաց՝ իրենց հաջողվել է լավ հարաբերություններ կառուցել Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ, ինչի արդյունքում արդյունավետ համագործակցություն է ստացվել։ Սեդա Մելքոնյանը ստեղծագործական խմբին օգնել է մշակել ֆիլմի սցենարը։ Աղբյուրները տարբեր են՝ նամակներ, փաստագրական այլ նյութեր, Մոնթեի գրվածքները, ինքնաքննադատական նյութեր և այլն։ 

Մոնթե Մելքոնյանի դերակատարը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Մսրյանն է։ Դերը կերտելու համար Վլադիմիր Մսրյանն ուսումնասիրել է Մոնթե Մելքոնյանի մասին առկա նյութերը, գրականությունը։ Նա նշեց՝ փորձել է հասկանալ Մոնթե Մելքոնյանի մտածողությունը, աշխարհայացքը, հոգեբանությունը։

«Բացարձակ արժեքներ ունեցող մարդուն խորն ուսումնասիրելուց հետո չես կարող չփոխել հայացքներդ, չեն կարող չփոխվել հայրենասիրության չափն ու տեսակը»,- ասաց նա։

«Մոնթե»-ի մասին պատմող ֆիլմում նորովի ես բացահայտում հերոսի կերպարը, այն կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

Leave a comment