Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ հայտարարություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում․ այս մասին հայտարարություն է տարածել նախկին նախարարի փաստաբանական թիմը։ 

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ։

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու։

Առաջին դատալսման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարգել անմեղության կանխավարկածը»։

Leave a comment