1Password գաղտնաբառերի ընկերությունը հայտնել է հաքերային հարձակման ենթարկվելու մասին։ Հաքերները հասանելիություն են ստացել հավելվածում գրանցվելու համար օգտատերերի կողմից օգտագործվող անուններին և էլեկտրոնային փոստի հասցեներին, գրում է The Insider-ը։
Կիբերհարձակումը հայտնաբերվել է նոյեմբերի 19-ին։ Հարձակվողները հասանելիություն են ստացել աշխատակիցներից մեկի կորպորատիվ GitHub հաշվին, որի միջոցով վնասակար կոդ են տարածել ներքին սերվերներում։
Հաքերներին հասանելի են դարձել օգտատերերի հաշիվների վերաբերյալ որոշ տվյալներ, այդ թվում՝ անուններն ու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք անհրաժեշտ են հաշիվ մուտք գործելու համար։ Սակայն հաճախորդների գաղտնաբառերը հասանելի չեն դարձել։ Ընկերության մշակողները հայտարարել են, որ իրենք նույնպես հասանելիություն չունեն օգտատերերի գաղտնաբառերին կամ գաղտնի բանալիներին։ Չի հստակեցվում, թե քանի օգտատեր է տուժել հարձակումից։
Վտանգված GitHub հաշիվն արգելափակվել է։ Հաճախորդներին խորհուրդ է տրվել զգուշանալ ֆիշինգային հարձակումներից՝ 1Password-ի անունից ուղարկվող կեղծ էլեկտրոնային նամակներից և SMS հաղորդագրություններից։ Հավելվածի հաշվում որևէ փոփոխություն կամ թարմացում կատարելու անհրաժեշտություն չկա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի