Մասիսում քարոզչություն անող անձին սպառնալու կասկածանքով 40-ամյա տղամարդ է կալանավորվել

Մասիսում համայնքային ոստիկանները քարոզչությունից հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդու, որը հետագայում կալանավորվել է։

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին նրա անչափահաս որդու ներկայությամբ հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։

Տղամարդը հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրական պայքարին մասնակցելու նպատակով առաջադրվել և գրանցվել են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։

Իշխող կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետ Հովհաննես Հակոբյանը, իսկ դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է։

Leave a comment