Ինչո՞վ է բիոմետրիկ լուսանկարը տարբերվում սովորականից. Միգրացիայի ծառայությունից պարզաբանում են

Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է, թե ինչով է բիոմետրիկ լուսանկարը տարբերվում սովորականից


ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացնում է, թե ինչով է բիոմետրիկ լուսանկարը տարբերվում սովորականից։

«Սովորական լուսանկարը նախատեսված է մեր աչքի համար, իսկ բիոմետրիկ լուսանկարը՝ համակարգի կողմից դեմքի ճշգրիտ նույնականացման։ Այդ պատճառով բիոմետրիկ լուսանկարին ներկայացվում են որոշակի պահանջներ․ դեմքը պետք է լինի ուղիղ, իսկ հայացքը՝ դեպի տեսախցիկը, դեմքի արտահայտությունը պետք է լինի չեզոք, աչքերը՝ բաց, բերանը՝ փակ, ֆոնը պետք է լինի միագույն և բաց», – նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, լուսավորությունը պետք է լինի հավասարաչափ՝ առանց դեմքի ստվերների և ակնոցի ապակիների վրա փայլի։ Դեմքը պետք է զբաղեցնի լուսանկարի համապատասխան հատվածը։

Միգրացիայի ծառայությունից նշում են, որ այս պահանջների պահպանումը կարևոր է, քանի որ ապահովում է լուսանկարում դեմքի հստակ պատկերումը և նպաստում կենսաչափական համակարգի միջոցով անձի ճշգրիտ նույնականացմանը։


Նշենք, որ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է, ID քարտինը՝ 5 950 դրամ, իսկ փաստաթղթերի պատրաստման ժամկետը՝ 14 աշխատանքային օր։ Դիմելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել HayPass.am հարթակում։ Նախկինում տրամադրված վավեր փաստաթղթերը շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, և դրանք պարտադիր փոխարինելու անհրաժեշտություն չկա։


Leave a comment