Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու միտում կա. փաստաբաններն ահազանգում են

Բաժանորդագրվել

Դավիթ Համբարձումյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչ է:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում «Կառուցող» դաշինքով հանդես եկող համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու միտում կա: Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Գայանե Պապոյանը:

«Բոլորին էլ հայտնի է, որ Դավիթ Համբարձումյանն ունի ընդդիմադիր հայացքներ ու Մասիս համայնքը ղեկավարելու ընթացքում էլ մշտապես այդ հայացքներն է ունեցել: Դավիթ Համբարձումյանը մի քրեական վարույթով է անցնում արդեն 8 տարի շարունակ: Երեկ ծանուցում ենք ստացել վճռաբեկ դատարանից, որ նոյեմբերի 27-ին հրապարակվելու է այդ գործով վերջնական որոշումը: Մենք այս հրատապությունը պայմանավորում ենք ՏԻՄ ընտրությունների հետ ու մտահոգ ենք, որ կայացված ակտով հնարավորություն կունենան չեզոքացնելու Համբարձումյանին»,- ասաց Պապոյանը:

Նա ընդգծեց՝ այդպիսի մտահոգություն ունեն, քանի որ վճռաբեկ դատարանը գործը վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին: Փաստաբանը շեշտեց, որ իր աշխատանքային գործունեության 10 տարվա ընթացքում նման կարճ ժամանակում չի հանդիպել, որ դատական ակտի դատական ստուգման արդյունքում վճռաբեկ դատարանն այդքան արագ որոշում կայացնի:

Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Leave a comment